«Դ!եմ եմ». «Խոստումների, լուրերի չենք հավատում, պետք են ռեալ քայլեր»
Օրվա թեմա
13:00 19/04/2014

«Դ!եմ եմ». «Խոստումների, լուրերի չենք հավատում, պետք են ռեալ քայլեր»

«Այսօր երկրում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ խոստումները հավատ չեն ներշնչում, միայն քայլերին է հասարակությունը հավատում: Մինչև ես, գործատուները, մեզ վրա չզգանք, որ մի բան փոխվել է, խոստումների, վստահության մասին վաղ է խոսել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի առաջ: Ակցիայի մասնակիցների պահանջն էր երկրի նախագահից. «Եկել ենք պահանջելու հետևել Սահմանադրությանը, քանի որ նա Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է ու պետք է հետևի կառավարության ու օրենսդիր մարմնի գործունեությանը, չթողնի ոտնահարել Սահմանադրությունը: Նա պետք է պահանջի օրենսդիրից օր առաջ կասեցնել հակասահմանադրական համակարգով պահվող գումարների համակարգը»: Նրանց մոտեցել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր, որ պատրաստ է կառուցողական երկխոսության: Նա նաև ասել է. «Մենք այսօր ստացել ենք ձեր առաջարկները, հիմա քննարկում ենք: Չգիտեմ արդյոք վաղը կարո՞ղ ենք պատասխան տալ, որովհետև բոլոր հարցերը ֆինանսական հետևանքներ ու իրավական հարցրեր են պարունակում: Մեզ ժամանակ է հարկավոր, բայց որ քայլեր են արվելու, հավատացեք, խնդրում եմ: Ժամանակ տվեք»:

Արսեն Մանուկյանն ասաց, որ նախորդ կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել էր, իսկ նոր ձևավորվող կառավարությունը 180 աստիճանով փոխված տեսակետ է հայտնում, բայց եթե ուզում են մի բան փոխել, պետք է դա անեն կոնկրետ քայլերով, ոչ թե խոստումներով:

«Խոստումներ շատ են հնչել, բայց արդյունքում ոչինչ չի եղել: Այժմ սպասում ենք քայլերի»,- ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Գեորգիսյանը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ մինչև իրենց կողմից առաջ քաշվող պահանջները՝ այն է՝  ի կատար ածել Սահմանադրական դատարանի որոշումը, իրենք չեն մասնակցելու նոր մշակվող օրենքի գործընթացին:

«Նախ թող բավարարեր մեր պահանջները, դրանից հետո պատրաստ ենք համատեղ մշակել նոր օրենք»,- ասաց նա:

«Դ!եմ եմ» շարժման նախաձեռնության անդամները նաև ասացին, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը, չեն սպասելու՝ արդյոք խոստումներն ի կատար կածվեն, թե ոչ, իսկ եթե կառավարությունը ցանկանում է լավ քայլ անել, պետք է օր առաջ ռեալ քայլեր կատարի:

Շարժման անդամ հաշվապահ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ պատրաստ են հետևողական հետևել, քանի որ հստակ քայլեր են իրենց պետք. «Խոստումների, լուրերի չենք հավատում»:

Նախորդիվ՝

Քայլեր արվելու են, հավատացեք, խնդրում եմ. Հովիկ Աբրահամյանը` ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)

«Գնանք, միասին քննարկենք». Նախագահական նստավայրի մոտ է եկել վարչապետը

Placeholder
«Դ!եմ եմ». «Խոստումների, լուրերի չենք հավատում, պետք են ռեալ քայլեր»