Խաղողի այգիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.«Գյուղացիները նորից աշխատում են»
Քաղաքական
15:53 19/04/2014

Խաղողի այգիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.«Գյուղացիները նորից աշխատում են»

Ադրբեջանական կողմը այսօր առավոտյան ժամերին կրակ է բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ: Այգիներում աշխատող մարդկանց մի մասը զգուշությամբ կարողացել է վերադառնալ գյուղ, մյուսներն էլ դեռ այնտեղ են:

Կրակոցները առավոտյան դադարել են, բայց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը անհանգստանում է այգիներում մնացած գյուղացիների համար, քանի որ այդ հատվածում կապ չկա և լուր չունի նրանցից:

«Առավոտն է եղել խաղողի այգիներում: Մարդիկ հազիվ փախել են: Մտել են փոսերի մեջ, կամաց-կամաց հեռացել են: Մեր գյուղացիներն են, ջահել տղաներ, հազիվ դուրս են պրծել կրակոցներից: Մի մասը չի եկել, անհանգիստ եմ: Բայց առավոտյան կրակոցները չեն կրկնվել: Ինձ թվում է` իրենք ոչ թե վախենում են դուրս գալ, այլ մնացել են, որ նորից աշխատեն: Մեր խաղողի այգիներն են, պիտի աշխատեն, ուրիշ ձև չկա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց գյուղապետը:

Այգիներում նաև Չորաթանի բնակիչներ են եղել: Գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցները սկսել են ժամը 9-ին և տևել են մինչև 25 րոպե:

«Մեր խաղողի այգիները կպած են, շատ մոտ ենք իրենց: Այդտեղ են կրակել ժողովրդի վրա, աշխատելուց: Հետո դրանք մտել են խրամատները, մեր գյուղացիներն էլ նորից աշխատում են: Ամեն ինչ նորմալ է, զոհ և վիրավոր չունենք: Մենք սովոր ենք, միշտ կրակում են»,- հավելեց գյուղապետը:

Նշենք, որ վերջին օրերին հակառակորդը սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակում:

Նախորդիվ`

ՊՆ. Հակառակորդի գործողությունները կասեցվել են

Սահմանամերձ գյուղերում կրակոցների վնասներն են հաշվում. «Գազի խողովակն է պայթել, գազն անջատված է»

 

Placeholder
Խաղողի այգիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.«Գյուղացիները նորից աշխատում են»