Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի ելույթին. «Փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը»
Քաղաքական
17:57 25/04/2014

Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի ելույթին. «Փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ:

Այն, Հայաստանի ղեկավարի բնորոշմամբ, պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային:

«Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:

Ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն:
Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից:

Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:

Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Placeholder
Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի ելույթին. «Փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը»