Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ կարող եմ  ինքս իմ դեմ պիկետ կազմակերպել. Աշոտյանը` «Դ!ԵՄ ԵՄ» ակցիայի մասին
Կրթություն, գիտություն
14:22 30/04/2014

Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ կարող եմ ինքս իմ դեմ պիկետ կազմակերպել. Աշոտյանը` «Դ!ԵՄ ԵՄ» ակցիայի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ նախարարության շենքի մոտ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիային, նշեց, որ ինքը երեկ հրավիրել է մանկավարժներին նախարարություն` քննարկելու ոչ միայն իրենց մտահոգող խնդիրը, այլ նաև կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, սակայն մերժում է ստացել մանկավարժների կողմից:

Հիշեցնենք, որ երեկ ԿԳ նախարարության շենքի մոտ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել ոլորտի աշխատակիցներն ու «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Ցուցարարները ԿԳ նախարարից պահանջում էին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Հարցին, թե ինչու անձամբ չիջավ մանկավարժների մոտ, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես մնում եմ այն կարծիքին, որ փողոցը շատ հարմար տեղ է խնդիրը բարձրաձայնելու համար, բայց հարմար տեղ չէ խնդիրները քննարկելու համար: Հատկապես մանկարվարժների հետ հանդիպումները պետք է շատ բովանդակային անցնեն, և այդ ակնկալիքով էլ` խնդրով մտահոգ մանկավարժներին հրավիրում եմ նախարարություն»:

Նախարարը միաժամանակ նշեց, որ, ըստ էության խնդիրը լուծված է, և այն շրջաբերականը, որը անհանգստության պատճառ էր դարձել` արտահայտում էր նախկին կառավարության տեսակետը, իսկ նոր կառավարության տեսակետը, ըստ Ա.Աշոտյանի, հստակ շարադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի համաձայն` դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը:

Ա.Աշոտյանը հայտնեց նաև, որ որքանով տեղյակ է, այս ընթացքում այն աշխատակիցները, ովքեր գրում են դիմումներ և խնդրում են պահումներ չանել, նրանց աշխատավարձերից պահումներ չեն արվի:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք լսո՞ւմ էր ցուցարարների վանկարկումները, նախարարը պատասխանեց, որ այդ ժամանակ աշխատանքի էր և ծիծաղելի համարեց այն պնդումը, թե ինքը նախարարությունում չէր, հակառակ դեպքում ինչու էր ցուցարարների ներկայացուցիչներին հրավիրում նախարարություն: Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ ԿԳ նախարարության կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը չպետք է անհանգստության պատճառ դառնա:

«Իրականում, կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ կարող եմ ինքս իմ դեմ պիկետ կազմակերպել նախարարությունում` ասելով, թե ինչքան բազում խնդիրներ կան, որ գործող նախարարը դեռ չի հասցրել լուծել և չի էլ կարող միայնակ լուծել: Այստեղ հանրային աջակցությունը, մասնավորապես, մանկավարժների աջակցությունը շատ կարևոր է, որոնց բարձրացրած հարցերը միայն չէին սահմանափակվում կուտակային հետ կապված խնդիրներով»,- նշեց Ա.Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին «սոցցանցերի նախարարի պաշտոնը» տալու ֆեյսբուքյան առաջարկին, նախարարը նշեց, որ ինքն այդ «պաշտոնը» շատ պատվաբեր է համարում, և կատակում. «Այդ դեպքում վարչության պետերից մեկը կլինի Բիլ Գեյթսը, մյուսը` Ցուկենբերգը: Իսկ արդեն լուրջ, պետք է ասեմ, որ «ԴԵմ եմ» նախաձեռնությունը իր բովանդակությունը ստացավ հենց ֆեյսբուքի տեղեկատվական հարթակների շնորհիվ: Եթե նրանք այդ հարթակն օգտագործում են, ինչո՞ւ ես էլ չօգտագործեմ, ազնիվ չէ»:

 

 

«Ասեք log out սեղմի, իջնի». Ցուցարարները պահանջում են իրենց մոտ իջնի Արմեն Աշոտյանը

«Դ!ԵՄ ԵՄ» ակցիա ԿԳՆ դիմաց. «Մի ստրկացրեք մանկավարժներին»

Ա.Աշոտյան. «Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է

Աշոտյան. Շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետի հայտնի ելույթը

Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ

 

 

Placeholder
Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ կարող եմ ինքս իմ դեմ պիկետ կազմակերպել. Աշոտյանը` «Դ!ԵՄ ԵՄ» ակցիայի մասին