Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը լեզվաբանականից վերածվեց լեզվահասարակագիտականի
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն այսուհետ կկոչվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության հիմնավորման համաձայն` համալսարանի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել բուհի հետագա զարգացման համար, միաժամանակ համալսարանի ձեռնարկատիրական գործունեության ընդլայնված ոլորտների միջոցով հնարավորություն կըձռնվի ապահովվել նոր և լրացուցիչ ֆինանսական մուտքեր:
«Կանոնադրության ընդունումը պայմանավորված է նախ և առաջ բուհի անվանման փոփոխությամբ: Բուհի անվանման փոփոխությունը պայմանավորված է նրա առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Համալսարանն այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն լեզվաբանական և մանկավարժական, այլ նաև հասարակագիտական ուղղություններով /քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և այլն/: Անվանումն ընտրելիս մեծապես հաշվի է առնվել նաև համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և միջազգային փորձը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ դրա` անհրաժետություն է առաջացել նաև բուհում կատարել կառուցվածքային փոփոխություններ, ստեղծել նոր կառուցվածքային միավորներ /վարչություններ, գիտաուսումնական կենտրոններ և այլն/: