Շոգը գրոհում է. մայիսին սպասվում է մինչև 34 աստիճան ջերմություն
Վերլուծություններ
12:12 30/04/2014

Շոգը գրոհում է. մայիսին սպասվում է մինչև 34 աստիճան ջերմություն

Ներկա պահին հանրապետությունում ջերմաստիճանը կլիմայական նորմայից բավական բարձր է, իսկ մայիս ամսվա առանձին օրերին սպասվում է 33-34 աստիճան ջերմություն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` ներկայացնելով մայիս ամսվա կանխատեսումները:

Առանձին օրերին Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Տավուշի ցածրադիր հատվածներում 33-34 աստիճան ջերմությունը, ըստ մասնագետի, նորմայից բարձր է, բայց նորմալ երևույթ է. եղել են տարիներ, որ մայիսին նման ջերմաստիճան Հայաստանում գրանցվել է:

«Հայաստանի հանրապետությունում մենք 34 աստիճանից բարձր ջերմաստիճան չենք ունենում», -ընդգծեց Սուրենյանը` նկատելով, որ ջերմաստիճանի նման բարձրացումը պայմանավորված է հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցությամբ:

Նա տեղեկացրեց, որ հունվարին, փետրվարին, մարտին ու ապրիլին հանրապետությունում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, լեռնային շրջաններում ձյան ծածկը շատ փոքր է եղել կլիմայական նորմայից: Իսկ սակավ տեղումներն էլ, մասնագետի խոսքով, Հայաստանում այս պահին առաջացրել են ոռոգման խնդիր:

«Գետերում պրակտիկորեն գարնանային վարարումներ չեն դիտվել, ջրամբարները լցված են մոտ 50 տոկոս և պակաս ջրով: Ինչ վերաբերում է մայիս ամսին, ապա այս ամսվա ընթացքում էլ տեղումները կանխատեսվում են նորմայի սահմաններում, իսկ դա նշանակում է, որ Հանրապետությունում մայիսին առանձնապես տեղումներ չեն սպասվում», -ասաց Գագիկ Սուրենյանը:

Մայիսին տեղումների սակավությունը, ոռոգման խնդիրը չի կարող լուծել, քանի որ այս ամսվա ընթացքում ևս գետերում ջրի մակարդակի բարձրացում չի լինի, գետերի լուրջ հոսք չի առաջացնի:

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, ապա այսօր, ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Placeholder
Շոգը գրոհում է. մայիսին սպասվում է մինչև 34 աստիճան ջերմություն