ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ. Եվրախորհրդարանի անդամ
Քաղաքական
17:43 05/05/2014

ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ. Եվրախորհրդարանի անդամ

«Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց Եվրախորհրդարանի անդամ Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը:

Իսպանիայի խորհրդարանի անդամ Ինարիտու Գարսիան նույնպես իր խոսքում նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրենց մասնակցությունը պետք է ունենա նաև հենց Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ներկայացուցիչների միջոցով:

«Լեռնային Ղարաբաղը պետք է իր մասնակցությունն ունենա բանակցություններին, իսկ Եվրամիությունը պետք է պաշտպանի այդ դիրքորոշումը, որ Ղարաբաղը լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա:

Ինարիտու Գարսիան նշեց, որ  հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: 

Նշենք, որ խորհրդարանականները մի քանի օր անցկացրել են ԼՂՀ-ում, իսկ այժմ Հայաստանում են:

Ինակի  Ֆերնանդեսի խոսքով, ԼՂՀ այցը բավականին հետաքրքիր էր:

«Ես կարծում էի, որ այցելում եմ մի երկիր, որը գտնվում է ռազմական հակամարտության մեջ, որտեղ փողոցներում պետք է տեսնեմ տանկեր, զինվորներ, ռազմական գործողություններ: Սակայն մենք տեսանք, որ Արցախը նման էր ցանկացած այլ զարգացած պետության՝ խաղաղ, զարգացած: Այժմ իմ տպավորությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական պետություն է, որը փորձում է ձեռք բերել նոր արժեքներ, գտնվում է այդ փոխակերպման կարգավիճակում, որն ավելի լավ է անում ի տարբերություն մի շարք այլ եվրոպական երկիրների»,- ասաց նա:

Եվրախորհրադարանի անդամի խոսքով, ԼՂՀ-ն գտնվում է այն երկրների շարքում, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես զարգացած երկիր:

«Հույս ունեմ, որ ԼՂՀ-ն մոտ ապագայում իր քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի ջանքերով կհասնի անկախության, միջազգային հանրության ճանաչմանը: Հույս ունեմ, դա կլինի ինչքան հնարավոր է շուտ»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ պետք է մեկ տեսակետ ունենա այս հարցում, ոչ թե 27 ձայն:

Ըստ նրա, բոլոր կողմերից պետք է նախաձեռնություն լինի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԼՂՀ պատվիրակությունների, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով:

«Երբ ղարաբաղյան հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, մենք կդիմենք Եվրախորդարանին՝ հաջորդ քայլերն ավելի ինտենսիվ բարձրացնելու համար»,- նշեց Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մտավախությո՞ւն չունեք, որ ԼՂՀ այցելելուց հետո կհայտնվեք Ադրբեջանի սև ցուցակում, նա ասաց, որ իրենց համար ամենակարևորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է` ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Placeholder
ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ. Եվրախորհրդարանի անդամ