«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել
Հասարակություն
10:40 06/05/2014

«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել

Ադրբեջանական գերության մեջ մի քանի ամիս անցկացրած Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:

«Վիրահատած կուռն ամբողջն ուռել ա, ահավոր ցավում ա, տեղաշարժ չի կարում ըլնի, երեխու նման լացում ա»,- ասաց տիկին Հեղինեն՝ նշելով, որ իրենց մոտ աշխատող բժիշկները մեկ-մեկ գալիս նայում են, վիրակապ են դնում ու գնում:

«Զգում ենք, որ էն Մամիկոնը չի, ուռած վիճակում ա, չենք հասկանում ինչ ա կատարվում հետը: Տեղից վերցնում ենք, դնում աթոռին, հետո տանում անկողին, զուգարան չի կարում գնա»,- ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչը:

Նրա խոսքով, սոցիալական պայմանները ծանր են և հազիվ են հասցնում Մամիկոն Խոջոյանին անհրաժեշտ հիգիենիկ պարագաները գնել:

Խոջոյան պապի դուստրը աղոտ կասկածներ ունի, որ Ադրբեջանում նրան «սալյարկա» են ներարկել, սակայն բժիշկների հետ այդ մասին չի խոսել:

«Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»,- փոխանցեց տիկին Հեղինեն:

Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:

Հարակից հրապարակում՝

Մամիկոն Խոջոյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից

Placeholder
«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել