Օդեսայից մինչև «Ժնև 2». Գերտերությունների արձագանքները ուկրաինական ճգնաժամին
Քաղաքական
20:07 06/05/2014

Օդեսայից մինչև «Ժնև 2». Գերտերությունների արձագանքները ուկրաինական ճգնաժամին

Ուկրաինայում զինված ուժերի և ռուսամետ ակտիվիստների միջև արյունալի բախումները խորացրել են ճգնաժամը և ավելի իրական դարձրել երկրի պառակտումը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ուկրաինան միմյանց մեղադրում են Ժնևում ապրիլին ձեռք բերված համաձայնությունները չկատարելու մեջ:

Միջազգային այս լարված իրավիճակում ուկրաինական իշխանությունները որոշեցին ավարտին հասցնել «հակաահաբեկչական գործողությունը» հարավ-արևելքում: Իրադարձությունները զարգացան անսպասելի կերպով: Զինված բախումների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվեցին: Ամենազարհուրելին Օդեսայում Ուկրաինայի դաշնայնացման և միասնականության կողմնակիցների միջև փողոցային բախումներն էին, որոնց արդյունքում 40-ից ավելի մարդ կենդանի այրվեց:

ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին տնտեսական և քաղաքական մեկուսացմամբ

Մինչ Ուկրաինայում վերսկսվել էին արյունալի բախումները, Վաշինգտոնում մեկնարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Գերմանիան միասնական դիրքորոշում ունեն և համատեղ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե վերջինս շարունակի աջակցել Ուկրաինայում զինված անջատողականներին: 

Օբամայի համոզմամբ՝ Ռուսաստանը թանկ գին կվճարի, եթե Ուկրաինայում ձախողվեն մայիսի 25-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրությունները, և այդ գինը կլինի Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը: Օբաման սպառնացել է, որ նոր պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում էներգետիկ, միջազգային առևտրի և բանկային ոլորտների վրա: ԱՄՆ նախագահը նաև իր աջակցությունն է հայտնել Կիևի կողմից երկրի հարավ-արևելքում իրականացվող «հակաահաբեկչական գործողություններին»

«Որքան ուկրաինական ուժերը առաջխաղացում են ունենում, որպեսզի վերականգնեն Ուկրաինայի արևելքում կարգուկանոնը, աշխարհին պարզ է դառնում, որ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող խմբերը խաղաղ ցուցարարներ չեն, դրանք լավ զինված ապստամբներ են: Ուկրաինական կառավարությունն ունի սեփական տարածքում կարգուկանոն հաստատելու իրավունք և պարտականություն, իսկ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը զինված խմբավորումների նկատմամբ, որպեսզի նրանք զինաթափվեն և դադարեցնեն բռնություն հրահրելը»,- նշել է Օբաման:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր ցավակցությունն է հայտնել Օդեսայի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, բռնությունը համարել անընդունելի և բոլոր կողմերին կոչ արել վերականգնել հանգստությունը, օրենքն ու կարգուկանոնը: Պետքարտուղարությունը հորդորել է Կիևին դեպքերի ամբողջական հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, ապա կարևորել նաև Ժնևյան համաձայնությունների իրականացումը: 

Ռուսաստանի պատասխանն Արևմուտքին կլինի ցավալի

Ռուսաստանը բավական կտրուկ է արձագանքել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին՝ Կիևին մեղադրելով սեփական քաղաքացիների դեմ «պատժիչ գործողություններ» իրականացնելու մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում ընդգծել է, թե Ուկրաինայում գլխավորը հարավ-արևելյան շրջաններից զորքերի դուրսբերումն է, բռնությունների դադարեցումը և ազգային երկխոսություն սկսելը սահմանադրական բարեփոխումների շուրջ: 

Նշենք, որ ազգային երկխոսություն սկսելու և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունն ամրագրված է Ժնևյան փաստաթղթում, սակայն կողմերն ունեն տարբեր պատկերացումներ, թե ինչպես են դրանք իրականացվելու: Ռուսական կողմը կարևորում է Ուկրաինայի հարավ-արևելյան տարածաշրջաններին լայն ինքնավարություն տալը, նկատի է առնվում Ուկրաինայի՝ դաշնային պետություն դառնալը, իսկ ուկրաինական կողմը և արևմտյան պետությունները միանշանակ կողմ են արտահայտվում Ուկրաինայի՝ ունիտար պետություն լինելու կարգավիճակին: Ուկրաինայի դաշնայնացումը նրանց կողմից դիտվում է որպես երկրի մասնատում: Նրանք միանշանակ չեն ողջունում Ուկրաինայում շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվեներ անցկացնելու գաղափարը:

ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը խորը վրդովմունք է արտահայտել ուկրաինական իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք կարելի է որակել որպես հանցագործություն: Նա «մեծագույն ցինիզմ» է որակել Կիևի կողմից «պատժիչ գործողությունների» արդարացումը նրանց կողմից, ովքեր մի քանի ամիս առաջ թույլ չէին տալիս նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարգուկանոն հաստատել օրինական ճանապարհով:

«Արևմուտքն ամեն օր սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներ կիրառել՝ հանցագործություններին գնահատական տալու փոխարեն: Նման իրավիճակը անհասկանալի է, անընդունելի, և հանգեցնում է Ուկրաինայում ճգնաժամի հետագա խորացմանը: Դա հակամարտություն չէ, որում Ռուսաստանը մասնակցում է, դա հակամարտություն է Ուկրաինայում»,- նշել է Պեսկովը: 

Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցները անընդունելի են և դրական ոչնչի չեն հանգեցնի: Բարձր մակարդակով ռուսական կողմը նախազգուշացրել է, որ կարող է դիմել պատասխան պատժամիջոցների, որոնք «ցավալի կլինեն»: Հնարավոր պատժամիջոցները վերաբերելու են էներգետիկայի ոլորտին (Ռուսաստանն ապահովում է Եվրամիության գազի պահանջարկի մեկ երրորդը), ֆինանսական ոլորտին՝ ընդհուպ մինչև ԱՄՆ դոլարից հրաժարվել և այլն: Սակայն Պուտինը հայտարարել է, թե պատասխան պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն առայժմ չկա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ժնևյան համաձայնագրերը դեռ կարելի է կյանքի կոչել և ամեն ինչ վերջացած չէ: Միաժամանակ նա ընդգծել է, որ այն պայմաններում, երբ բանակը դուրս է բերվել բնակչության մի մասի դեմ, տարօրինակ է համապետական ընտրությունների անցկացումը: Ուկրաինան, ըստ Լավրովի, Աֆղանստան չէ: 

Եվրամիությունը զգուշանում է՝ առաջարկելով հրավիրել «Ժնև 2»

Եվրամիությունում նույնպես դատապարտում են Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ի հետ համեմատած ցուցաբերում ավելի զգույշ մոտեցում: Օբամայի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը լրջորեն սպառնում է հետսառըպատերազմյան աշխարհակարգին, որը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Նա միացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու գաղափարին, սակայն ընդգծել, որ դա կախված է Ռուսաստանի հետագա գործողություններից: 

Ինչպես Եվրամիության վերազգային մարմիններում, այնպես էլ եվրոպական պետությունների գործարար շրջանակներում կա մտահոգություն, որ Ռուսաստանի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցները կարող են էականորեն վնասել սեփական տնտեսություններին, քանի որ շատ ամուր թելերով կապված են ռուսական շուկայի հետ: Գերմանիայի գործարարներն արդեն իսկ ահազանգում են հնարավոր հետևանքների մասին , իսկ Եվրամիության պաշտոնյաները հնարավոր են համարում էներգետիկ ճգնաժամը, եթե Ռուսաստանը արևմտյան պատժամիջոցների դիմաց դադարեցնի էներգակիրների մատակարարումը: Հետևաբար Եվրամիությունը փորձում է «ավելի փափուկ» քաղաքականություն որդեգրել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարևորել է Ուկրաինայում մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունների անցկացումը, այլապես «կլինի քաոս և քաղաքացիական պատերազմ»: Նա ընդգծել է, որ հնարավոր բոլոր միջոցներով Փարիզը կփորձի համոզել Մոսկվային ընտրությունների անցկացման անհրաժեշտության մեջ:  Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը նույնպես կարևորել է նախագահական ընտրությունների անցկացումը՝ Ռուսաստանին մեղադրելով դրանք տապալելու փորձի մեջ:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով նշել է, թե Ուկրաինան շատ մոտ է քաղաքացիական պատերազմին, որը սպառնում է եվրոպական անվտանգության համակարգին: Նա ասել է, որ անհրաժեշտ է նոր «Ժնևյան համաժողով» գումարել և մշակել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կիրառման արդյունավետ մեխանիզմներ: Մեկ այլ առիթով նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պետք է գլխավոր դեր խաղա ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործում:

Այսպիսով՝ Ուկրաինայում ճգնաժամի խորացումը ստվերեց մինչ այդ միջազգային ողջ ուշադրության կենտրոնում գտնվող Սիրիայի, Իրանի խնդիրը և այլ հակամարտությունները: Եվրոպայում ծագած այս նոր հակամարտությունը, կարծես թե, ձեռք է բերում պերմանենտ բնույթ, որի կարգավումը կպահանջի միջազգային հանրության կողմից լրջագույն և համակողմանի ջանքեր:

Քաղաքագետ Տիգրան Խաչատրյան

Placeholder
Օդեսայից մինչև «Ժնև 2». Գերտերությունների արձագանքները ուկրաինական ճգնաժամին