ՆԶՊ-ի հանրապետական ամենամյա օլիմպիադայի ամփոփումը` լուսանկարներով
Կրթություն, գիտություն
20:00 07/05/2014

ՆԶՊ-ի հանրապետական ամենամյա օլիմպիադայի ամփոփումը` լուսանկարներով

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտում անցկացվել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով:  Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրել, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:

Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների են արժանացել անցկացված մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը: Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռիի մարզերի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղը զբաղեցրել է Արցախի թիմը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:

Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների են արժանացել նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ:

 

 

Placeholder
ՆԶՊ-ի հանրապետական ամենամյա օլիմպիադայի ամփոփումը` լուսանկարներով