Վայոց ձորի մարզպետը լիահույս է` մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը
Հարցազրույցներ
10:50 08/05/2014

Վայոց ձորի մարզպետը լիահույս է` մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը

Վայոց ձորում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշն ամենացածրն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա` վարելահողերի մեծ մասը` 72 տոկոսը չի մշակվում: Պատճառները տարբեր են` չմշակվող հողատարածքների մեծ մասը գտնվում են անջրդի գոտում, ունեն ցածր եկամտաբերություն, հողի անբերրիություն և այլն:

«Հիմա փորձում ենք տարբեր ծրագրերով ոռոգելի դարձնել հողատարածությունները և այդ հողատարածքների վրա հիմնել պտղատու այգիներ, քանի որ մարզն այդ առումով ավելի նպաստավոր է»,- ընդգծեց մարզպետը:

Նա նաև հավելեց, որ օրինակ` «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում մարզի 7 համայնքներում իրականացվում է պտղատու այգիների հիմնում, կառուցվում է ոռոգման նոր համակարգ: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ` մարզում կհիմնվի 70 հա այգի:

Ինչ վերաբերում է խաղողի այգիներին, Է.Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին մարզում ստեղծվել են խաղողի նոր այգիներ և դրանք այսօր հասնում են մոտ 750 հա-ի:

Վայոց ձորի մարզը հայտնի է իր գինիներով, հատկապես՝ «Արենի»-ով: Իսկ այդ գինին էլ հայտնի է իր «Արենի» խաղողով, որը եզակի տեսակ է համարվում` լավագույնը գինեգործության համար:

Ըստ մարզպետի` «Արենի» խաղողն իր առանձնահատկություններով, իր որակական հատկանիշներով տարբերվում է խաղողի մյուս տեսակներից, ուստի խաղողի այլ տեսակների համեմատ այն ավելի թանկ արժե:

«Քանի որ այն մեծ պահանջարկ ունի, շեշտը դրվում է նաև «Արենի» խաղողի մշակման վրա»,- ասաց Է.Ղազարյանը:

Մարզպետը նշեց նաև, որ Վայոց ձորում բնակչության հիմնական մասը զբաղված է գյուղատնտեսությամբ (հողագործություն և անասնապահություն ): Բացի պտղատու ծառերից, համայնքներում աճեցնում են բանջարաբոստանային կուլտուրաներ, սակայն, ոչ մեծ ծավալով: Գյուղացիները դրանք հիմնականում մշակում են սեփական կարիքների բավարարման համար:

Իսկ անասնապահության համար պայմանները նպաստավոր են մարզի բարձր լեռնային գոտիներում, և այդ համայնքների մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:

Այդուհանդերձ, մարզում խնդիրները շատ են, դրանցից մեկը վերաբերում է արդյունաբերական, վերամշակող գործարաններին:

«Մարզում չկան վերամշակող ձեռնարկություններ, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության հիմնադրամի միջոցներով փորձում ենք խթանել փոքր բիզնեսի զարգացմանը, սակայն արդյունքները դեռ նկատելի չեն»,- ասաց մարզպետը` հավելելով, որ փոքր բիզնեսի զարգացումով առաջին հերթին մարզում կլուծվի զբաղվածության հարցը, մասնավորապես, երիտասարդության շրջանում:

Նա հիշեցրեց, որ բանակցություններ էին վարում «Արարատ» սննդի կոմբինատի հետ, որը ցանկություն ուներ ձեռք բերել Եղեգնաձորի պահածոների գործարանը և տեղում կազմակերպել հումքի վերամշակում, սակայն երկու տնտեսվարողներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

«Մենք փորձում էինք երկու տնտեսվարողների միջև համագործակցություն ստեղծել, ցավոք սրտի, դա իրականություն չդարձավ: Հիմա «Արարատ» գործարանի ներկայացուցիչներին այլ տարբերակներ ենք առաջարկում»,- ասաց Է.Ղազարյանը:

Սակայն մարզպետը հույսը չի կտրում, կարծում է, որ մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը:

Վայոց ձորը ամենափոքր մարզն է բնակչության, համայնքների թվաքանակի առումով, ինչպես նաև ամենափոքր մարզերից մեկն է տարածքի առումով:

Նշենք, որ մարզպետի հետ հանդիպումը կազմակերպել էր People in need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

Placeholder
Վայոց ձորի մարզպետը լիահույս է` մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը