Վետերաններն ու ծանր օրեր ապրող պետությունը. «Ի՞նչ ասեմ,  շնորհավոր Հաղթանակիդ տոնը, բալես»....
Հարցազրույցներ
10:31 09/05/2014

Վետերաններն ու ծանր օրեր ապրող պետությունը. «Ի՞նչ ասեմ, շնորհավոր Հաղթանակիդ տոնը, բալես»....

«Ամենամեծ խնդիրը նա է, որ վետերաններին հիշում են տարին մեկ անգամ` մայիսի 9-ին ու մոռանում…. իսկ մենք ամեն ամիս 30-50-ով պակասում ենք, բալես…. »:

Հայաստանի վետերանների միության երկարամյա նախագահ Պետրոս Պետրոսյանը վատառողջ է ու այսօր, ցավոք, չի կարողանա իր ընկերների հետ միասին Հաղթանակի զբոսայգում նշել իր կյանքի ամենակարևոր, ամենից շատ իր մեջ դառնություն, բայց և հպարտություն արթնացնող այս տոնը:

Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սազական չէ վետերանին բողոքել, քանի որ պատերազմ տեսած մարդիկ չեն բողոքում, այլ համբերատար տանում են ամեն դժվարություն, բայց հոգին հանգիստ չէ, սրտին ծանրություն կա. 91-ամյա վետերանը, ով համազգեստի վրա այնքան մեդալ ունի, որ միայն դրանցով կարելի է պատերազմյան խրոնիկան ընթերցել, սպասումներ ունի իշխանություններից, նա դեռ սպասում է, որ մի բուռ վետերաններին վերջապես կհիշեն:

«Մոտենում է Հաղթանակի 70-ամյակը և մենք` վետերաններս, ակնկալում ենք, որ ինչ-որ բան կբարելավվի: Համոզված ենք ու սպասում ենք: Իհարկե, մենք սովոր չենք բողոքելու, պատերազմ հաղթողը չի բողոքում, նա համբերատար է, բայց խնդրում ենք, որ այդ հարցին մոտենան ավելի լուրջ... քիչ ենք մնացել, բայց շատ հոգսերով ու խնդիրներով»,- փոխանցեց պարոն Պետրոսյանը:

Այսօր Հայաստանում ապրում է 1450 վետերան, ուղիղ մեկ տարի առաջ նրանց թիվը 1850-ն էր … նրանց մեծամասնությունը անկողնային են: Հատուկ հոգածություն, աջակցություն պետությունից նրանք չեն ստանում, միակ բանը, որ տարբերակում է այս տարեցներին իրենց հասակակիցներից այն է, որ 30-40 հազար թոշակին պետությունը նաև պատվովճար է ավելացնում` 25 հազար դրամ, որը չի հարկվում: Բայց ժամանակին վետերաններին այլ կերպ էին վերաբերում, ինչն ամրագրված էր «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքով:

Ըստ այդմ նշվում էր, որ.

«Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն իրավունք ունեն՝

ա) պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում.

բ) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար երթևեկել քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի (անկախ սեփականության ձևից) բոլոր տեսակներով (բացի տաքսիներից).

դ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի վարձի և կոմունալ ծախսերի (գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձ), իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում՝ նաև սահմանված նորմաների շրջանակներում վառելիքի ձեռքբերման համար.

ե) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Մինչդեռ 1998թ-ից հետո, երբ ընդունվել է այս օրենքը, շատ բան է փոխվել.

«50 տոկոս զեղչ ասվածը վերաբերում է միայն հեռախոսի վարձին և պատի ռադիոյին` 200 դրամի փոխարեն 100 դրամ ենք վճարում: Մնացած բոլոր կոմունալները վճարում ենք 100 տոկոսի չափով, ինչը լուրջ խնդրի առաջ է մեզ կանգնեցնում` ջուր, գազ, աղբահանություն, էլեկտրաէներգիա... պետությունը  7500 դրամ է ավելացնում մեր թոշակին, որ դրանք հոգանք` նախկինում 50 տոկոս զեղչով վճարելու փոխարեն, բայց անհնար է: Ձմռանը մեզանից շատերը ամբողջ թոշակն ու պատվովճարը տալիս են գազի ու հոսանքի վարձ, այլապես կսառենք.... Մենք միայն դա ենք խնդրում պետությունից, որ վերադարձնեն այդ հնարավորությունը վետերաններին օգտվել 50 տոկոս զեղչից»,- նշեց Պ.Պետրոսյանը:

Այո, շարունակեց նա, բուժսպասարկումը պետպատվերով է, բայց դե ով չգիտի, թե ինչպիսին է անվճար բուժսպասարկումը Հայաստանում` «մեկ է ամենը պոկում են»: Կառավարությունն էլ երկու տարի առաջ որոշում կայացրեց վետերանների անվճար ուղեգրել Արզնու առողջարան 12 օրով, սակայն անցած տարի ուղեգրերի թիվը կրճատվեց ուղիղ կիսով չափ` միայն 30 վետերան կարողացավ մեկնել, այն էլ ոչ թե Արզնու առողջարան, այլ Աղվերան:

«Բայց դա գրեթե բոլորիս հակացուցված էր, բարձր է, ճնշում է, այնպես որ երկու-երեք օր դիմացանք ու փախանք: Բայց էս տարի դեռ խեր-խաբար չկա, չգիտենք` ուղեգրեր կտա՞ն: Խոսք տվել են, տեսնենք»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ վերջում ևս մեկ անգամ կրկնեց. «1450-ս ենք մնացել: Գիտեմ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, բայց կխնդրեի, որ որոշ չափով բարելավեն մեր ապրուստը: Գիտեմ, որ պետությունը դժվար օրեր է ապրում, բայց մի ճար արեք, գոնե պատվովճարն ավելացրեք, թոշակը բարձրացրեք... Ի՞նչ ասեմ, շնորհավոր Հաղթանակիդ տոնը, բալես»....

Placeholder
Վետերաններն ու ծանր օրեր ապրող պետությունը. «Ի՞նչ ասեմ, շնորհավոր Հաղթանակիդ տոնը, բալես»....