Հայրենիք վերադարձած միգրանտները Վայոց ձորում  փորձում են ստեղծել իրենց սեփական բիզնեսը
Հարցազրույցներ
11:34 12/05/2014

Հայրենիք վերադարձած միգրանտները Վայոց ձորում փորձում են ստեղծել իրենց սեփական բիզնեսը

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Շահեն Մովսիսյանն արդեն մի քանի ամիս է, ինչ վերադարձել է Ռուսաստանից: Ինչպես ինքն է ասում` երկու անգամ մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն երկու դեպքում էլ բախտը չի բերել:

«Որակով աշխատանք էի անում, բայց գումար չէին վճարում, դրա համար հետ եմ վերադարձել իմ գյուղ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Շահեն Մովսիսյանը:

Նրա խոսքերով` մեկնումից առաջ իր հայրենի Քարագլուխ գյուղում փորձել է բենզինի առևտրով զբաղվել, բայց հազիվ կարողացել է վարկերը մարել:

Վերադառնալուց հետո Շահենը տեղեկացել է, որ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որն ուղղված է աջակցելու աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը:

Դիմել է ծրագրի շրջանակներում ստեղծված Վայոց ձորի միգրացիոն ռեսուրս կենտրոնին: Հիմա մասնակցում է կենտրոնի կազմակերպած բիզնես-թրեյնինգին և ցանկանում է հիմնել իր սեփական բիզնեսը Վայքում:

«Դասընթացին մասնակցողները փորձում են մարզում մնալ և տնտեսական վիճակը որոշ չափով բարելավել: Մեր ամբողջ նպատակը դա է: Սակայն պետք է խոստովանենք, որ շուկան անառողջ է, ժողովրդի վիճակն էլ` ծանր, այնպես որ հիմա մտածում ենք ինչպես անել, ինչով զբաղվել, որ և մեր համար լավ լինի, և մարզի բնակիչների»,- ասում է Շ.Մովսիսյանը:

Նրա խոսքերով` իր ցանկությունն է արագ սննդի պատրաստման օբյեկտ` բիստրո հիմնել: Տունը գտնվում է հանրապետական ճանապարհի վրա և նման բիզնեսով զբաղվելու համար շատ հարմարավետ է:

«Սևանից մինչև Եղեգնաձոր 50 կմ է և այդ ճանապարհահատվածում նման օբյեկտ չկա: Դրա համար մտածում եմ, որ նման կետ բացելով կօգտվի թե ժողովուրդը, թե իմ ընտանիքը»,- նշում է նա:

Միաժամանակ Շ.Մովսիսյանը խոստովանում է, որ Հայաստանում նույնիսկ փոքր բիզնես սկսելու համար պայմաններն այդքան էլ լավ չեն, խոսքը հատկապես վերաբերում է հարկային դաշտին, և ամենակարևորը` բարձր տոկոսադրույքով վարկերին:

«Վարկերը տրամադրվում են չափազանց բարձր տոկոսադրույքով, ինչի արդյունքում էլ մարդկանց բիզնեսը առաջ չի գնում: Եթե պիտի ստացած եկամուտդ բանկին տաս, էլ ինչի ես անուն հանում, թե բիզնեսով ես զբաղվում: Բանկերը մի ձեռով վարկ են տալիս, մյուս ձեռով դրա կրկնապատիկը հետ վերցնում: Չեն թողնում, որ կարողանանք մի քայլ առաջ գնալ»,- ասում է Շ.Մովսիսյանը:

Այդուհանդերձ, նա չի հուսահատվում և կարծում է` այդ դասընթացին մասնակցելուց հետո ինչ-որ արդյունքի կհասնի: Շ.Մովսիսյանը նշում է նաև, որ բիստրոն աշխատացնելու համար հարկավոր է 2-2,5 մլն դրամ:

«Կարծում եմ, որ եթե գործը սկսեմ, ապա հետագայում հաջողություններ կունենամ»,- հույսը չի կտրում Քարագլուխ գյուղի բնակիչը:

«Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրին մասնակցում է նաև Խաժակ Ենոքյանը: Վեց տարի Ռուսաստանում ապրելուց հետո Խաժակ Ենոքյանը վերադարձել է հայրենի Շատին գյուղ, որտեղ փորձում է զբաղվել լիմոնադի արտադրությամբ:

Այսօր երկու երեխաների հայր Խաժակը փորձում է ընտանեկան բիզնեսը ընդլայնել: Արդեն մի քանի օր է, ինչ իր արտադրած լիմոնադներն իրացնում է Վայոց ձորի առևտրի կենտրոններում:

«Սկիզբը վատ չէ: Դեռ նոր է, մարդիկ պետք է սովորեն, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Կինս, ծնողներս օգնում են, բայց ցանկություն ունեմ արտադրության ծավալները մեծացնել և գոնե մի քանի հոգու աշխատանքով ապահովել: Եթե արտադրամասը ընդլայնեմ, ապա նախնական շրջանում 6-7 աշխատատեղ կբացեմ»,- ասում է Խաժակ Ենոքյանը:

Իսկ դրա համար, ըստ նրա, հարկավոր է մոտ 4 մլն դրամ: Լսելով «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրումը Հայաստանում» ծրագրի մասին, դիմել է Վայոց ձորի միգրացիոն ռեսուրս կենտրոնին: Խաժակ Ենոքյանը կարծում է, որ իր բիզնես-պլանը կարժանանա հանձնաժողովի հավանությանը:

«Եթե բախտս բերեց, ապա մեծ թափով սկսելու եմ աշխատել: Իմ համար թիվ մեկ սկզբունքն այն է, որ մինչև վերջ պահեմ  արտադրանքի որակը: Եթե դա լինի, ապա վստահ եմ, որ բիզնեսս կզարգանա: Իհարկե, լիմոնադի արտադրությամբ զբաղվող մեծ ընկերություններ կան, բայց բիզնեսը պայքար է, եթե պայքարես, ապա լուրջ հաջողությունների կհասնես»,- նշում է Խաժակը:

Վայոց ձորի միգրացիոն ռեսուրս կենտրոնին տնօրեն Հասմիկ Ղազարյանի խոսքերով` ծրագրին մասնակցում է 2013թ-ից: Ծրագիրն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը և Հայ օգնության միությունը` Զբաղվածության գործակալության հետ համատեղ:

Ըստ Հ.Ղազարյանի` հայրենիք վերադարձած միգրանտների համար կազմակերպում են բիզնես դասընթացներ, որի նպատակն է գիտելիքներ հաղորդել բիզնեսի կազմակերպման տարբեր փուլերի մասին: Նրա խոսքերով` այս պահին ծրագրին մասնակցում է 29 մարդ: Մասնակիցների ներկայացրած բիզնես ծրագրերը, եթե արժանանան հանձնաժողովի հավանությանը, ապա նրանց դրամաշնորհներ կտրվեն: Գումարի 20 տոկոսն էլ կներդնի շահառուն: Նշվեց նաև, որ շահառուներին տրամադրում են տվյալ գումարի չափով տեխնիկական սարքավորումները, մեկ տարի վերահսկում են ծրագիրը, իսկ արդյունքները գնահատելուց հետո գույքը նվիրվում է շահողին:

«Դասընթացից հետո կերևա, թե ում ներկայացրած բիզնես ծրագիրն է հեռանկարային: Կարևոր պայմանն այն է, որ սեփական բիզնեսը հիմնեն Վայոց ձորում և ստեղծեն մի քանի աշխատատեղ»,- ասաց Հ.Ղազարյանը:

Նշենք, որ Հայաստան վերադարձած միգրատների համար Եվրոպական միությունից ֆինանսավորվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը Վայոց ձորում իրականացվում է առաջին անգամ: Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» և «Հայ օգնության միություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց ջանքերով էլ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ:

Նախորդող`

Ինչո՞ւ է գյուղացին այսօր ծուլացել. Գլաձոր գյուղի հոգսերն ու խնդիրները

Վայոց ձորի մարզպետը լիահույս է` մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը

Այսօր աշխատաշուկայում կա կոնֆլիկտ` աշխատանք փնտրողների և գործատուների միջև. Էդգար Ղազարյան

Placeholder
Հայրենիք վերադարձած միգրանտները Վայոց ձորում փորձում են ստեղծել իրենց սեփական բիզնեսը