Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալը ընդլայնվեր Հայաստանում». Ճշմարիտյան
«Մենք կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալը ընդլայնվեր Հայաստանում, քանի որ այսօր Հայաստանը դրա կարիքն ունի, իսկ սա ֆրանսիական բիզնեսի համար փոքր, բայց լավ հնարավորություն է»: Այս մասին այսօր Հայաստան- Ֆրանսիա տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված «Առևտուր և ծառայություններ» թեմայով կլոր-սեղանի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքերով` նման ձևաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային և գործարար ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները, ըստ նրա, լավ հնարավորություն են գործարարների համար` ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ:
«Անընդհատ պատերազմի սպառնալիքները, տարիներ շարունակ փակ սահմանները` ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համար անհամադրելի բարդ պայմաններում, Հայաստանը կարողացել է որոշակի հաջողություներ գրանցել»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը:
Ներկայացնելով 2013թ-ին Հայասատնի տնտեսական ցուցանիշները, նա նշեց, որ նախորդ տարի ՀՆԱ-ի իրական աճը 2012թ-ի համեմատ կազմել է 3,5%, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 17,2%, գյուղատնտեսությանը` 19,3 %, շինարարությանը` 10,3%, առևտուրը` 12,8%, ծառայությունները` 3,2%, զուտ հարկերը` 11,8%:
Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա այն 2013թ-ին կազմել է 1 տրիլիոն 240 մլրդ դրամ, իսկ իրական աճը` 6,8%: Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 6 մլրդ դոլար` աճելով 5,6 տոկոս, որից արտահանումը` 1,5 մլրդ դոլար (աճը` 7,2%), իսկ ներմուծումը` 4,5 մլրդ դոլար (աճը` 5,1 %): Սպառողական գների ինդեքսը նշված ժամանակահատվածում կազմել է 105,8 %:
Կ.Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև վաղեմի և փոխշահավետ համագործակցության մասին են վկայում մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները, որոնք կազմում են 1,1 մլրդ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 1 մլրդ դոլար:
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում: Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց, որ երկու երկրների միջև բարձր փոխվստահության և երկուստեք շահավետ համագործակցության մասին են վկայում, ինչպես Հայաստանում ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների մեծ քանակը, այնպես էլ հանրահայտ ընկերությունների ներկայությունը տարբեր բնագավառներում` «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը, «Օրանժ Արմենիա» և «Ալկատել» ընկերությունները, ֆինանսական ոլորտում` Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը և այլն:
Ըստ Կ.Ճշմարիտյանի` ՀՀ կառավարությունը առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը, և նախաձեռնել է իրականացնել արտահանման վրա ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:
«Գիտելիքը այն արժեքն է, որը հնարավոր չէ ոչ շրջափակել, ոչ սահմաններով կամ պատերազմներով կանգնեցնել նրա զարգացումն ու տարածումը»,- նշեց նա:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց ՏՏ ոլորտում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Այս ոլորտում, ըստ նրա, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, կառավարության կողմից մշակվել և արդեն իսկ ԱԺ է ներկայացվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է մի շարք արտոնությունների տրամադրում: Սա աննախադեպ նախաձեռնություն է և ոլորտի զարգացման լուրջ խթան կարող է հանդիսանալ:
Ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ևս իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես, ԱՄՆ Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը, որի նպատակն է խթանել Հայաստանի և ԱՄՆ ընկերությունների մասնագետների միջև կապերի ստեղծումը, վաճառքներ և օտարերկյա ներդրումների ուղղակի ծավալների ավելացումը: Նշեց նաև, որ 2013թ-ին Հայաստանում հիմնվել է առաջին Վենչուրային հիմնադրամը, որը կխթանի ոլորտում նորարարական գաղափարների գեներացման ու սկսնակ ընկերությունների ձևավորմանը:
Ինչ վերաբերում է արդյունաբերական քաղաքականությանը, Կ. Ճշմարիտյանի խոսքերով` դրա հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի աջակցման միջոցով տնտեսության արտահանելի ընդլայնումը: Նշված նպատակի իրագործման համար մշակվել է և կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ-ում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:
«Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացումը, Հայաստանը հայտարարել և վարում է բաց դռների քաղաքականություն»,- ասաց նա:
Վերջին տարիներին ներդրումային և գործարար միջավայրերը բարելավելու նպատակով ևս իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքները, ըստ Կ.Ճշմարիտյանի, ակնհայտ են` ՀԲ-ի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի շրջանակներում: Վերջին տարվա արդյունքներով` Հայաստանի դիրքը բարելավվել է 18 կետով և այժմ զբաղեցնում է 37-րդ տեղը աշխարհում:
Նախախարի խոսքերով` կառավարությունը կարևորում է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և տնտեսական քաղաքականության մշակման մեջ մասնավոր հատվածի ներգրավածության բարձրացումը:
Կ.Ճմարիտյանը ֆրանսիացի գործարարների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ստեղծված Ազատ տնտեսական գոտիներին, ինչը կոնկրետ համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Նա ֆրանսիացի գործարարներին առաջարկեց քննարկել ազատ տնտեսական գոտիներում հիմնված ոսկերչության, ադամանդագործության և մանածագործության, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի, հեռահաղորդակցության ոլորտներում գործող ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը:
Կ.Ճշմարիտյանը համոզմունք հայտնեց, որ այս համաժողովը կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը և շարունակական փոխշահավետ համագործակցության խրախուսմանը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: Երկօրյա համաժողովի ընթացքում ֆրանսիացի գործարարները կքննարկեն տնտեսական համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավոր ուղիները: