Շարմազանով` կան օկուպացված տարածքներ և դրանք պիտի վերադարձվեն
Քաղաքական
10:12 13/05/2014

Շարմազանով` կան օկուպացված տարածքներ և դրանք պիտի վերադարձվեն

«Իսկապես ցավալի է, որ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը, այդ երկրի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը, պետական մակարդակի հասցված քսենոֆոբիայի քաղաքականությունը պատշաճ արտացոլում չեն գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Այո, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով խնդրի մոտալուտ լուծման մասին խոսել դեռևս չենք կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ առկա` «Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքներ» ձևակերպմանը ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ օկուպացված տարածքներ իսկապես կան. «Դրանք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գետաշենը, Մարտունաշենը, Արծվաշենն են, որոնք Բաքուն օր առաջ պետք է հետ վերադարձնի: Հիշեցնեմ` Ղարաբաղի ժողովուրդը պատերազմ չի սկսել, այն ստիպված էր պատասխանել Ադրբեջանի ռազմական գործողություններին, ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Դա ժողովրդի ինքնորոշման հարց է: Եվ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու համար հարկավոր է վերադարձնել Ստեփանակերտը բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հենց նրա խոսքից է կախված խնդրի վերջնական լուծումը»:

Է.Շարմազանովը նշեց նաև, որ հակամարտության կարգավորման ժամանակ փոխզիջումների հարցը պետք է որոշի Ստեփանակերտը` բանակցությունների սեղանի շուրջ վերջինիս վերադառնալուց հետո` որոշելով, թե կոնկրետ ո՞ր հարցերում և որչա՞փ կարող է գնալ փոխզիջման:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ համանախագահների հայտարարության մեջ նաև դրական պահեր է տեսնում. «Դրանից պարզ է դառնում, որ համանախագահները համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղն ինքնուրույն սուբյեկտ է, որի միջանկյալ և վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ինչը պարտադիր ուժ կունենա»:

Նախորդիվ`

 Շ.Քոչարյանը` համանախագահների հայտարարության մասին

Placeholder
Շարմազանով` կան օկուպացված տարածքներ և դրանք պիտի վերադարձվեն