Լ.Զուրաբյանը` քառյակի ապագայի մասին. «Մաջալ չեն տալիս հավաքվելու»
Քաղաքական
14:33 15/05/2014

Լ.Զուրաբյանը` քառյակի ապագայի մասին. «Մաջալ չեն տալիս հավաքվելու»

«Թե ինչ օրակարգով պետք է լինի քառյակի հանդիպումը պարզ է` կառավարության գործունեության ծրագրի հետ կապված դիրքորոշումների քննարկում, այլ խնդիրներ և այլն: Սակայն հարցն այն է, որ մաջալ չեն տալիս հավաքվելու համար, փաստորեն ամեն օր նիստ են անում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է կայանալու քառյակի հերթական հանդիպումը, որի հյուրընկալող կողմն այս անգամ ՀԱԿ-ն է և ինչ օրակարգով:

Լ. Զուրաբյանի խոսքով, միայն դա է պատճառը, որ քառյակը չի կարողանում հավաքվել, քանի որ ԱԺ-ն անցել է ամենօրյա ռեժիմի` «կառավարության անհասկանալի ճնշման ներքո»: Բայց, քանի որ հերթական քառօրյան արդեն երկուշաբթի օրն է և կառավարության գործունեության ծրագիրն էլ պետք է ներկայացվի դրա շրջանակում, ապա Լ. Զուրաբյանի խոսքով, քառյակը մի ձև պետք է գտնի հանդիպումն անցկացնելու համար: «Կուտակայինի» քննարկման ժամանակ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը իրենց մոտեցումներում տարբեր դիրքորոշում որդեգրեցին` կեսը դեմ քվեարկեց, մյուս կեսն էլ ձեռնպահ:

Ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեցինք` ինչ է կարծում, ինչպիսին կլինեն գործընկերների մոտեցումները կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ. «Քառյակը երբեք չի հավակնել, որ ցանկացած հարցով ունենա միասնական դիրքորոշում: Որտեղ կարողանում ենք ունենում ենք, իսկ որտեղ չենք կարողանում ապա դրանից ողբերգություն չենք սարքում: Այնպես, որ ես որևէ խնդիր չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե «կուտակայինից» հետո ի՞նչ առանցքի շուրջ են շարունակելու իրենց համագործակցությունը արձագանքեց. «Մարտի 1-ի մեր հանրահավաքից հետո, երբ մենք առաջարկեցինք ռազմավարությունները միասնական դարձնել մենք դա կարողացանք անել: Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք հետապնդում, նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը, քառյակի երկու ուժը հետապնդում էին կառավարության հրաժարականը: Մենք դիտարկեցինք կառավարության հրաժարականը որպես մի խումբ մյուս նպատակին հասնելու համար և կարողացանք մեր ռազմավարություններն իմի բերել»:

Ապագայի ծրագրերի համար էլ ասաց, քանի որ կառավարության հրաժարականը եղավ, ապա հայտնվել են մի իրավիճակում, որտեղ նորից անհրաժեշտություն կա իմի բերել  ռազմավարությունները. «Այդ հարցով մենք զբաղվում ենք և իսկապես պետք է գտնենք լուծումներ, որ քառյակը կարողանա արդյունավետ գործունեություն ծավալել և լուրջ փոփոխություն մտցնի քաղաքական գործընթացների մեջ»:

Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ին իրենց խմբերում տեսնելուն,  Լ.Զուրաբյանը հորդորեց անցնել այլ հարցի:

Placeholder
Լ.Զուրաբյանը` քառյակի ապագայի մասին. «Մաջալ չեն տալիս հավաքվելու»