ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Կրթություն, գիտություն
14:27 16/05/2014

ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին

Քրիստոնյա քաղաքացու դաստիարակման խնդիրը, ըստ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի, այսօր շատ արդիական է:

«Լավ և վատ արժեքները շրջանառվում են ամբողջ աշխարհում, քանի որ սահմանները բաց են: Հնարավոր չէ փակել դրանք: Երբ մենք մեր երեխաներին կրթում ենք քրիստոնեական, բարոյական արժեհամակարգով, այդ դեպքում երեխան, մեծանալով, մերժելու է վատը, տգեղը, անընդունելին՝ պահելով առաքինին և լավը: Սա է կարևորը կրթության համակարգում»,- Մայր Աթոռում ընթացող գիտաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա. Բախշյանը:

Ինչ վերաբերում է շահարկումներին, թե դպրոցներում Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը հակադրվում է սահմանադրությանը, Անահիտ Բախշյանը նախ նկատեց, որ Կրթության մասին օրենքում էլ խոսվում է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման մասին, որին իր նպաստն է բերում նաև հայ եկեղեցին:

ԿԱԻ փոխտնօրենն ընդգծեց, որ օրենքից հետո կա պետական չափորոշիչը, որում նշվում է քրիստոնեական արժեհամակարգով աշակերտ դաստիարակելու մասին: Իսկ Սահամանադրության հետ հակասություն տեսնելը, ըստ նրա ճիշտ չէ, քանի որ կա նաև նույն մայր օրենքով ամրագրված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գերակա դիրքը:

«Եվրոպական բոլոր լավ արժեքներն ընդունենք, մեր վատն էլ իրենց տանք: Բայց Եվրոպական միության մեջ մտնող շատ երկրներ իրենց եկեղեցուն կարևոր դիրք են տալիս, կրոն դասավանդում են առաջին դասարանից՝ որպես բարոյական արժեքների աղբյուր: Այն լոզունգը, որ «Աստված սեր է» բոլորս պիտի կրենք մեր մեջ: Ո՞նց կարելի է սրան չհետևել»,- եզրափակեց նա:

Նախորդող հրապարակում՝

Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել

Placeholder
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին