Ռուսաստանի և Չինաստանի միջև գազային պայմանագիր է կնքվել
Քաղաքական
14:23 21/05/2014

Ռուսաստանի և Չինաստանի միջև գազային պայմանագիր է կնքվել

«Գազպրոմի» և Չինաստանի ազգային նավթագազային CNPC ընկերության միջև կնքվել է գազի մատակարարման պայմանագիր: Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:

Համաձայնագիրը կնքվել է 30 տարով, որը ենթադրում է տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի առաքում Չինաստան: Մատակարարումների ընդհանուր արժեքը հասնում է 400 մլրդ դոլարի: Համաձայնագիրը կնքվել է Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների ներկայությամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի` Չինաստան կատարած այցի շրջանակներում, որի ընթացքում օրակարգային հարցերից էր նաև գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք բերելը:

Նշենք, որ դեռ նախօրեին Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ չի հաջողվում Չինաստանի հետ համաձայնության գալ:

Գազի գնի վերաբերյալ առայժմ ստույգ հրապարակումներ չկան, սակայն ենթադրվում է, որ այն կազմելու է մոտ 350 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց:

Հիշեցնենք, որ արևելյան հոսքով դեպի Չինաստան գազի մատակարարման շուրջ փոխըմբռնման հուշագիր կնքվել էր դեռևս 2013թ-ի մարտ ամսին: Դրանից հետո կողմերին չէր հաջողվել գազի գնի շուրջ համաձայնության գալ:

Հավելենք, որ պայմանագրի կնքումից անմիջապես հետո Մոսկվայի ֆոնդային բորսայում «Գազպրոմ» հոլդինգի բաժնետոմսերի գները բարձրացել են:

Placeholder
Ռուսաստանի և Չինաստանի միջև գազային պայմանագիր է կնքվել