Բուհի դեմքը ավարտականների աշխատանքներն են
Կրթություն, գիտություն
13:39 22/05/2014

Բուհի դեմքը ավարտականների աշխատանքներն են

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավարտների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել աշխատանքների պաշտպանությանը:

«Այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է տարածաշրջանում: Կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով` տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ շատ գոհ է բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի արդյունքը երևում է դիպլոմային աշխատանքի ժամանակ:

«Ես միշտ կրկնում եմ` եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները»,-ասել է Իսաբեկյանը և հավելել, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով ստանում են ակադեմիայի ուսանողները:

Placeholder
Բուհի դեմքը ավարտականների աշխատանքներն են