ՅՈՒՆԻՍԵՖ. Խոսքը ոչ թե Եկեղեցու պատմության առարկան, այլ պարտադիր դասավանդումը վերացնելու մասին է
Կրթություն, գիտություն
11:11 23/05/2014

ՅՈՒՆԻՍԵՖ. Խոսքը ոչ թե Եկեղեցու պատմության առարկան, այլ պարտադիր դասավանդումը վերացնելու մասին է

«Վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնելով Հայաստանյայց եկեղեցու պատմության առարկայի պարտադիր դասավանդումը»:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումների այն կետն է, որն արդեն մի քանի օր է ակտիվ քննարկվում է և լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում:

Ի՞նչ է նշանակում այս հորդոր-առաջարկն ու ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ, Panorama.am-ը փորձեց պարզել ՄԱԿ Մանկական հիմնադրամից (ՅՈՒՆԻՍԵՖ): ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը նախ նկատեց, որ եզրակացությունը վերաբերում է առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելուն, ոչ թե ընդհանրապես վերացնելուն:

«Եթե դասավանդվում է, դասարանի որևէ աշակերտ կարող է չմասնակցել կամ դպրոցի խորհուրդը կարող է որոշել չդասավանդել այդ առարկան»,- պարզաբանեց նա:

Մերի Պողոսյանի բնորոշմամբ, օրինակ, Հայաստանում կա ազգային փոքրամասնության համայնք, իրենց համար այդքան արդիական կամ կարևոր չէ ուսումնասիրել Հայ Եկեղեցու պատմությունը, բայց` պարտավոր են. «Եթե լինի ընտրովիների շարքում, արդեն դպրոցի խորհրդի որոշմամբ կարող է լինել»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավարը նկատեց, որ այս դիտարկումներն արվում են ըստ երկրի կառավարության և հասարակական հատվածի ներկայացրած տարեկան զեկույցների:

«Իրենք համեմատում են, հետո հունիսին կառավարությանը կանչում են որպես պատասխանող կողմ, որից հետո գրում են եզրափակիչ եզրակացությունները: Դրանք այն կետերն են, որոնք առաջարկում են, որ կառավարությունն անի, որպեսզի համապատասխանի կոնվենցիային»,- ասաց նա:

Մերի Պողոսյանը հավելեց, որ կրոնի հետ կապված հարցը ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի բարձրացրել ժամանակին, իրենց հաշվետվության մեջ այդ հարցը չկա: Դա, նրա կարծիքով, գնացել է հասարակական կազմակերպությունների կողմից:

Հարցին` այս դիտարկումներն ի՞նչ ուժ ունեն, ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը, ինչ-որ պարտավորություններ կա՞ն, Մերի Պողոսյանը պատասխանեց. «Կառավարությունը, երբ որ ստորագրել է Երեխայի իրավունքների կոնվենցիան, պարտավորվել է թե հաշվետվությունը ներկայացնել, թե հետևել, որ այդ առաջարկներին (reccomend) մինչև մյուս զեկույցը պատասխանեն: Իրենք նաև նայելու են, թե ինչքանով է կառավարությունը հետամուտ եղել իրենց այս տարվա առաջարկությունների կատարմանը»:

Մեկ այլ հարցի` ի՞նչ կարող է լինել, եթե Կառավարությունը չկատարի այդ առաջարկները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավարը պատասխանեց, որ եթե հաջորդ անգամ ևս այդ հարակից ստվերային զեկույցներում հարցը բարձրացվի, կառավարության կողմից որոշակի բացատրություններ կակնկալվեն:

«Ավելի ճիշտ կլինի, որ Կառավարությունը որոշակի բացատրոթյուն ուղարկի, քան այս պահին ոչինչ չարվի և նորից հարցը լինի: Իսկ եթե պարտադիրից կամավոր դառնա, դա Հանձնաժողովը Հայաստանի կողմից քայլ կդիտարկի»,- ասաց նա:

Մերի Պողոսյանը հավելեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ պետական կրոն ամրագրված չէ, միայն նշվում է, որ Հայ Եկեղեցու հետ հատուկ հարաբերություններ ունի պետությունը: Նա ևս մեկ անգամ նկատեց, որ խնդիրը պարտադիր ուսուցումն է:

Նախորդող հրապարակումներ`

Նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին

ԿԳՆ-ն հերքում է. հայ եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցներից

Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել

ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին

Placeholder
ՅՈՒՆԻՍԵՖ. Խոսքը ոչ թե Եկեղեցու պատմության առարկան, այլ պարտադիր դասավանդումը վերացնելու մասին է