Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինական պետության ճնշումները լրատվամիջոցների ու լրագրողների վրա դատապարտելի են. Կարծիքներ Հայաստանից
Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «Вести» թերթը, «Вести.ua» կայքը, «Вести.Репортер» հանդեսը, UBR հեռուստաալիքն ու «Радио Вести» ռադիոկայանը համախմբող «Мультимедиа инвест-групп» ուկրաինական մեդիա հոլդինգի նկատմամբ Ուկրաինայի պետական մարմինների կողմից աննախադեպ ճնշումը դատապարտելի են համարում Հայաստանում:
Հիշեցնենք` հոլդինգի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 20-ին արգելափակվել են հոլդինգի ընկերություններից մեկի հաշվեհամարները, իսկ մայիսի 21-ին առանց որևէ փաստաթղթերի «Вести» թերթի խմբագրություն են ներխուժել զինված մարդիկ և շրջափակել խմբագրության աշխատակիցներին: Տարբերանշաններից ելնելով՝ հոլդինգում համարում են, որ այդ զինված մարդիկ եղել են հարկային ոստիկանությունից և ներքին գործերի նախարարությունից:
Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներին, անընդունելի համարեց կատարվածը:
«Անկախ նրանից, թե ինչպիսի կասկածներ կան ֆինանսական գործունեության մասին, ստուգումները և պետական միջոցառումները պետք է այնպես իրականացվեին, որ չընդհատվեր ԶԼՄ-ների կանոնավոր գործունեությունը» ,-նշեց Նավասարդյանը:
Կատարվածն, ըստ նրա, անընդունելի է մանավանդ նախընտրական շրջանում, երբ մի քանի օրից Ուկրաինայում նախագահական ընտրություններ են սպասվում: Նավասարդյանի պնդմամբ, անկախ նրանից, թե ուկրաինական հարկային մարմինների գործողություններում ինչ մոտիվներ կան, մինևնույնն է նախընտրական շրջանում դա ընկալվում է որպես քաղաքական հետապնդում լրատվամիջոցների նկատմամբ:
«Ուկրաինայի պետական մարմինների գործողությունները տվյալ դեպքում համաչափ չեն և անկախ նրանից, ինչպիսի ստուգումներ են իրականացվում ընկերությունում, հատուկ լրատվամիջոցների դեպքում այնպես պետք է կազմակերպել հարկային մարմինների գործողությունները, որ դա չխաթարի լրատվամիջոցների գործունեությունը: Իսկ այնպես, ինչպես արվել է, անհնարին է դարձնում լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությունը, ինչը նորմալ չէ և պետք է խստորեն դատապարտվի», -հայտարարեց Նավասարդյանը:
Մեր հարցին, թե հնարավո՞ է որպես Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում դատապարտել ուկրաինական կառավարության գործելաոճը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ, այո՛, այն կազմակերպությունները, որոնք մասնավորապես զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ մեր ֆորումի շրջանակներում որևէ համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Եվ նաև կարծում եմ, որ մեր գործընկերները Ուկրաինայում հանդես կգան այդպիսի նախաձեռնությամբ»:
Լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ ցանկացած ճնշում, բռնություն դատապարտելի է համարում նաև Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Սակայն Ուկրաինայում լրատվամիջոցների մասով կատարվող իրադարձությունների վերաբերյալ պարոն Մելիքյանը նման տպավորություն ունի. «Խոսքի ազատությունից այդ կոնֆլիկտի պարագայում խոսելը մի քիչ տարօրինակ է, որովհետև և՛ ռուսամետ ուժերն են անհանդուրժող, և՛ արևմտամետ կամ ավելի ճիշտ` Ուկրաինայի այսօրվա իշխանությունը: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, այնպիսի կոնֆլիկտ է, որ լրատվամիջոցները թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից, կարծես թե, այդ կիզակետում են գտնվում, և ես կասեի ամենաշատն են տուժում. գրեթե ամեն օր մենք հարկային ճնշումների, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների մասին լուրեր ենք ստանում և այս կոնֆլիկտի պարագայում շատ դժվար է պատկերացնել բուն պատճառները: Հատկապես պետք է ասեմ, որ որևէ կանոն, էլ չեմ ասում լրագրողական էթիկա չի գործում, ու բռնությունները և ճնշումներն ավելացել են»:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Мультимедиа инвест-групп» ուկրաինական մեդիա հոլդինգի կազմում մտնող ԶԼՄ-ների վրա իրականացվող հարկային ճնշմանը, Մելիքյանը նկատեց, որ պետությունը լրատվամիջոցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու «բավական լայն արսենալ» ունի:
«Այդպիսի պրակտիկա ժամանակին Հայաստանում եղել է «ԳԱԼԱ»-ի դեպքում: Դա հայտնի արսենալ է, որ օգտագործվում է պետության կողմից, որը բացահայտ ճնշում և գրաքննություն իրականացնելու տեսակ է: Դա լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների տեսակներից մեկն է: Այնպես որ միջազգային կազմակերպությունները պետք է այդ հարցի վրա մեծ ուշադրություն դարձնեն, այնպես ինչպես ուշադրություն են դարձնում մյուս կողմի քաղաքական գործիչների կամ ուժերի ճնշումներին կամ ծեծուջարդին», -հավելեց Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր չէ ազատել պատանդ վերցված «Вести» թերթի աշխատակիցներին
«Вести» թերթի գլխավոր խմբագիր. Հարցականի տակ է դրվում Ուկրաինայի նախագահի ընտրությունների ժողովրդավարական լինելը
Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ արգելափակվել է «Вести» թերթի խմբագրությունը