Մասնագիտության ընտրությունը կատարվում է պատահական կամ ֆորմալ ձևով. Դիտարկումներ
Կրթություն, գիտություն
12:14 24/05/2014

Մասնագիտության ընտրությունը կատարվում է պատահական կամ ֆորմալ ձևով. Դիտարկումներ

Շրջանավարտների 65 տոկոսը չունի կենսական պլան իր ապագայի մասին, մյուս մասն ավանդական համակարգերում են` մասնագիտություն ստանալ, ամուսնանալ, ընտանիք կազմել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նրա բնորոշմամբ, մասնագիտության ընտրությունը երկու բաղադրիչ ունի՝ ինքնաճանաչում, ինքնահաստատում և ծանոթություն մասնագիտությունների հետ:

«Երբ հարցնում ես ինչ ես ցանկանում դառնալ, առաջին տեղում ծնողների մասնագիտությունն է, որին քիչ թե շատ ծանոթ են, երկրորդը ուսուցիչ լինելն է: Կա նաև կարերայի հարցը: Ամեն մեկը գալիս է տնօրենի պաշտոնին, սկսում է գործել իր քմահաճույքով, նախասիրություններով: Պիտի կարողանալ գնահատել մասնագիտական կարողությունները: Դա կարևոր է նաև մասնագիտության տերերի համար»,- ասաց սոցիոլոգը:

Ֆինանսիստ, հաշվապահ, իրավաբան, քաղաքագետ… այս մասնագետներն արտադրվում են շատ մեծ թվով, իսկ պահանջարկը նույն աստիճանի չէ: Պահանջարկը մեծ է սպասարկման, միջին մասնագիտական ոլորտներում:

«Հիմնականում ընտրում են այն մասնագիտությունները, որտեղ պետպատվերի շրջանակներում կարելի է անվճար սովորել, կամ այնպիսի ուսումնարան, որտեղ կարելի է աշխատել և սովորել: Որ կարողանան գումարն արագ հետ բերել: Նաև կա տենդենց` այնպիսի մասնագիտությունների ձեռք բերում, որոնց շնորհիվ արտերկիր գնալու հնարավորություն է լինում»,- մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի բնորոշմամբ էլ, մասնագիտություն ընտրելիս կարևոր է ընտրության հիմքը:

«Մեծ մասամբ հիմնվում են ծնողների կարծիքի վրա: Դպրոցն ավարտող պատանին ինքնուրույն պատկերացում չունի մասնագիտությունների մասին, այդ թվում պահանջվածների: Ընտրությունը կատարվում է պատահական կամ ֆորմալ ձևով»,- նշեց նա:

Բացի հոգեբանական կողմը, կա նաև խնդրին պետության մոտեցման հարցը: Ըստ Անուշ Ալեքսանյանի, պետության կողմից պահանջված մասնագիտությունների խթանում չկա:

«Հոգեբանական խնդիրն այն է, որ այդ տարիքի պատանիները պատրաստ չեն ինքնավերլուծման, ինքնաքննադատության: Անգամ պատրաստ չեն հասկանալ, թե ինչ հմտություններ, մարդկային որակներ են հարկավոր տվյալ մասնգաիտության համար: Դա գալիս է նրանից, որ մեր կրթական համակարգը միայն մեխանիկական հիշողության և սերտելու վրա է հիմնված»,- ասաց նա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջին դիտարկման հետ չհամաձայնեց, քանի որ, նրա խոսքով, դպրոցի ազդեցությունը միայն հինգ տոկոս է, գերակշողը ընտանիքի ազդեցությունն է:

Անուշ Ալեքսանյանն էլ հակադարձեց իրենց կատարած ուսումնասիրությունների օրինակով. «Հետազոտությունն ենք արել կրտսեր, միջին, ապա ավագ դպրոցում: Երեխան գալիս է ճկուն, վերլուծական մտածողությամբ, բայց տարիների ընթացքում երևում է, որ այդ կարողությունները վատթարանում են: Արդյունքում դպրոցն ավարտում են կարծատիպերով, ստանդարտ մտածողությամբ: Դպրոցի դերը մասնագիտության ընտրության, մարդկային որակների զարգացման առումով շատ մեծ է»:

Նշենք, որ Ճապոնիայում, Ամերիկայում և այլ նման երկրներում մասնագիտությունների թիվն անցել է 30 հազարը, իսկ դա, ըստ սոցիոլոգների, բնութագրում է երկրի զարգացվածության աստիճանը:

Placeholder
Մասնագիտության ընտրությունը կատարվում է պատահական կամ ֆորմալ ձևով. Դիտարկումներ