Երիտասարդ մրցանակակիրները` մրցանակի, խոչընդոտների ու ապագայի մասին
Օրվա թեմա
17:00 26/05/2014

Երիտասարդ մրցանակակիրները` մրցանակի, խոչընդոտների ու ապագայի մասին

«Ճանապարհի, ժամանակի, խնդիրների հաղթահարում: Տղամարդն ընտանիքի պահողն է, կինը շարունակողն ու հուսադրողը»՝ այս գաղափարն է ընկած Երևանի Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Գոռ Գյուրջյանի «Հաղթահարում» կտավում, որի համար այսօր նա արժանացավ ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակի:

Panorama.am-ի հետ զրույցում Գոռն ասաց, որ իր համար մեծ պատիվ է երկրի ղեկավարից մրցանակ ստանալը, ինչպես նաև այն նոր բան սկսելու համար խթան է. «Հույս ունեմ, որ առաջիկայում անհատական ցուցահանդես կունենամ»:

Նշենք, որ «Հաղթահարում» աշխատանքը եղել է Գոռի դիպլոմային աշխատանքը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այսօր երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծելու, աշխատելու համար ստեղծված է բարենպաստ դաշտ, Գոռ Գյուրջյանն ասաց. «Ինձ թվում է՝ խոչընդոտներ միշտ էլ կան, ինչը նորմալ է, քանի որ չափից շատ հանգիստ պայմաններում ոչ մի լուրջ գործ չի ստացվի»:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում ՀՀ նախագահի 2013 թ. մրցանակի արժանացած դաշնակահար Ժորա Սարգսյանն էլ ասաց, որ ցանկանում է իր ուսումը շարունակ Գերմանիայում:

«Դրսում սովորելը կայանալու, այնտեղ ասպարեզ դուրս գալու, համերգային գործունեություն ծավալելու համար է ահրաժեշտ»,- ասաց դաշնակահարը: Ժորան բարձր է գնահատում իր այսօրվա մրցանակը, քանի որ հայրենիքում գնահատվելը ու երկրի ղեկավարից մրցանակ ստանալը ավելի ոգևորիչ ու հաճելի է:

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար ՀՀ նախագահի 2013 թ. մրցանակի արժանացած Լուիզա Երեմյանի, Սերգեյ Սարգսյանի և Գրիգոր Աբրահամյանի համար էլ կարևոր ու պարտավորեղնող մրցանակ է. «Այս մրցանակը մի սանղակ է սահմանում, որը պետք է ցանկացած պայմաններում ու ժամանակ պահես»:

Սերգեյ Սարգսյանն էլ նշեց, որ այժմ իրենց խնդիրն է միջազգային ասպարեզում էլ բարձր պահել Հայաստանի անունը: Գրիգոր Աբրահամյանի խոսքով, այսօր մշակույթը բարձր հովանավորություն ունի պետության կողմից, սակայն ուշադրության ավելացման անհրաժեշտւթյուն կա:

Placeholder
Երիտասարդ մրցանակակիրները` մրցանակի, խոչընդոտների ու ապագայի մասին