Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«…Այսպիսով ոչ մի կասկած չէր մնացել. մեր արվեստ մուտք էր գործում վառ, աչքի ընկնող և հզոր տաղանդ, որին վիճակված էր բացել 20-րդ դարի երաժշտության նոր հորիզոններ և գրավել ժամանակակից երաժշտության արարիչների շարքում առավել պատվավոր տեղերից մեկը: Խաչատրյանի երաժշտության մեջ առկա է ամենամեծ տաղանդներին բնորոշ ևս մի գիծ` անհատական ստեղծագործական ձեռագիր և ինքնատիպ ոճ: …»,- համաշխարհային ճանաչում ունեցող Արամ Խաչատրյանի մասին ասել է ռուս երգահան Դմիտրի Շոստակովիչը:

Ուղիղ 111 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Կոջորի արվարձանում ծնվել է մեծանուն կոմպոզիտորը, ում ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին. մեր ժամանակների ամենահանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերից մեկը զբաղեցնում է նրա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից:

10 տարեկանում Ա. Խաչատրյանն ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր:

Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: 1943թ.-ին Խաչատրյանը ավարտել է իր Երկրորդ սիմֆոնիան: Պատերազմի տարիներին գրված այս ստեղծագործության մեջ դրսևորվել են խաչատրյանական արվեստի նոր և արտասովոր կողմերը:
«Երկրորդ սիմֆոնիան, թերևս, Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որում ողբերգությունն այդքան բարձր է։ Բայց, չնայած իր ողբերգական էությանը, այս ստեղծագործությունը համակված է խորը լավատեսությամբ և հաղթանակի նկատմամբ հավատով: Ողբերգականության և կենսահավատության համակցումը մեծ ուժ է ձեռք բերում այստեղ»,- գրում է Դմիտրի Շոստակովիչը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը: 1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:

«...Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»,- գրել է կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդով:

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, «Երկրորդ սիմֆոնիան», Ջութակի և նվագախմբի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիան, «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոնկարի համար գրած երաժշտությունն արժանացել են ԽՍՀՄ, «Սպարտակ» բալետը՝ Լենինյան, Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների:

Ա. Խաչատրյանի երաժշտությունը երբեք չէր սահմանափակվում նեղ ազգային շրջանակներով և «խոսում» էր ամենալայն լսարանների հետ: Խաչատրյանը մեծ հարգանք ու կենդանի հետաքրքրություն էր ցուցաբերում տարբեր ժողովուրդների երաժշտության նկատմամբ. նրա աշխարհայացքի և ստեղծագործությունների բնորոշ հատկություններից մեկը ինտերնացիոնալիզմն էր:

«Խաչատրյանի արվեստը կանչում է՝ թող լինի լույս, թող լինի ցնծություն ...»,- գրել է ակադեմիկոս Բ.Վ.Ասաֆևը:

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: ... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»,- գրել է Համո Սահյանը:

Կոմպոզիտոր Աշոտ Սատյանի և երգչուհի Հայկանուշ Դանիելյանի հետ

Մարշալ Բաղրամյանի և Դ.Օյստրախի հետ

Սերգեյ Պրոկոֆևի հետ

Անաստաս Միկոյան և Արամ Խաչատրյան

Կնոջ և Բելգիայի թագուհի Ելիզավետայի հետ

Սոֆի Լորենի և ռեժիսոր Գ.Ալեքսանդրովի հետ

Կոմպոզիտոր Է.Միրզոյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ

Խաչատրյանը և Ն.Մակարովան՝ հյուր Չարլի Չապլինին

Կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի հետ

Էռնեստ Հեմինգուեյի հետ

Սերգեյ Պրոկոֆևի և Դմիտրի Շոստակովիչի հետ


Լուսանկարները՝ www.khachaturian.am կայքից: