Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեստը պետք է բացահայտի գիտելիքը, ոչ թե ուսանողին որոգայթանման ճնշումների ենթարկի. Աշոտյան
Նախապատրաստական փուլում շտեմարանների հետ կապված դժգոհությունները համեմատաբար քիչ են եղել, սակայն շտեմարաններում դեռևս առկա են վրիպակներ, անճշտություններ, բայց դրանք մեծ անհանգստություն չեն առաջացրել դիմորդների և նրանց ծնողների մոտ: Այս մասին այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ վերջին տարիներին բոլորը համոզվել են` քննության օրերին լինում են բացարձակ ճիշտ և կատարյալ թեստեր, քննաթերթիկ վրիպակներով, երկիմաստ հարցադրումներով թեստեր չեն «սողոսկում»:
Ինչ վերաբերում է այս տարվա ընդունելության քննություններին, Ա.Աշոտյանը նշեց` քննության մեկնարկից սկսած իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ ընթանում է հանգիստ:
«Վերջին տարիներին ականատես ենք լինում, որ ընդունելության քննությունները սովորական դարձած սեզոնային տենդից վերածվում են ընթացիկ, հանրային իրադարձության, որի նկատմամբ ուշադրությունը մեծ է, սակայն այն չի կրում ծայրահեղականացված և անհանգիստ բնույթ»,- ասաց նախարարը` հավելելով, որ վերջին տարիներին հասարակությունը ևս իր դրական վերաբերմունքն է արտահայտել այս փոփոխության վերաբերյալ:
Այդուհանդերձ, ըստ Ա.Աշոտյանի, անհնար է բավարարել բոլորի ցանկությունները, սակայն թեստային տարբերակն ունի առավելություն` նվազագույնի է հասցվում մարդկային գործոնը:
Նրա խոսքերով` ապագայում պետք է նաև մտածել, թե ինչպես բարձրացնեն թեստերի որակը: Այդ նպատակով, ըստ նրա, այս տարվա սեպտեմբերից մանկավարժական որոշ բուհերում կներդրվի փորձնական կուրս` «Թեստաբանություն» մասնագիտության գծով:
«Թեստը պետք է բացահայտի գիտելիքը, այլ ոչ թե իր մեջ պարունակի ուսանողին որոգայթանման ճնշումների ենթարկելու մեխանիզմ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարը միաժամանակ նշեց, որ վերջին երկու տարիներին հարցաթերթիկներում բովանդակության հետ կապված խնդիրներ չեն եղել: Նա հույս հայտնեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից հետո ևս նման բողոքներ չեն լինի: