Բնապահպանության նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները. Եզրակացություն (տեսանյութ)
Հասարակություն
11:57 06/06/2014

Բնապահպանության նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները. Եզրակացություն (տեսանյութ)

Բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված էթիկայի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազորություններն իրականացնելիս: Նման եզրակացության է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Նշենք, որ Հանձնաժողովը ապրիլի 25-ի որոշմամբ հարուցել էր վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Հիշեցնենք` հանքարդյունաբերությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ միջադեպ էր առաջացել բնապահպան ակտիվիստների և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի միջև: Միջոցառման ընթացքում ակտիվիստները սկսել էին վանկարկել «ամոթ, ամոթ», ինչին ի պատասխան Արամ Հարությունյանն ասել էր. «Ամոթը բոլորիդ: Առանց հասկանալու, առանց գրագիտություն իմանալու, առանց պատկերացնելու խոսում եք, իմացեք՝ որտեղ ինչ եք խոսում, հիմարություններ դուրս չտաք: Մի երկու հատ էլ գործից հասկացող բերեք առաջ` պատասխանները տամ»:

Իսկ երբ ակտիվիստներից մեկը հիշեցրել էր նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի բնորոշումն այն մասին, որ բնապահպանության նախարարությունը «գերեզմանոց է», Արամ Հարությունյանը վրդովված ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ Հանձնաժողովի համոզմամբ, «առանց հասկանալու, առանց գրագիտություն իմանալու», «հիմարություններ դուրս չտաք», «դուք հիվանդ եք, երիտասարդ հիվանդ եք», «ականջներդ կպոկեմ, կտամ ձեռք, լակո՛տ» արտահայտություններն անգամ քաղաքացիների միջև մասնավոր շփումներում արտահայտում են վիրավորանք, դրանք իրենց բնույթով բացահայտում են անձի վարքի, անձնական հատկությունների վերաբերյալ բացասական գնահատական և արհամարհանք, որոնք կարող են նսեմացնել անձն ու արժանապատվությունը:

«Բացահայտ հանրային ինստիտուտների ներկայացուցիչների հետ շփումներում պաշտոնատար անձանց կողմից այդ արտահայտությունների գործածությունն ակնհայտորեն չի արտահայտում հարգանք քաղաքացու հանդեպ: Հանձնաժողովը նման արտահայտությունների գործածությունն անհարիր է դիտարկում բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակին և կերպարին, քանի որ այն որևէ կերպ չի նպաստում պաշտոնյայի բարեկրթության, օրինավորության վերաբերյալ հասարակական պատկերացումների կառուցմանը, ինչը հանրային իշխանության նկատմամբ վստահության ձևավորման անհրաժեշտ նախադրյալ է», -նշված է Հանձնաժողովի եզրակացության մեջ:

Հանձնաժողովը, անդրադառնալով նաև միջադեպին մասնակից ակտիվիստների վարքագծին, ընդգծել է, որ Հանձնաժողովը դրանք քննարկում է պաշտոնատար անձի գործողությունների համաչափությունը գնահատելու համատեքստում: Ըստ եզրակացության, Հանձնաժողովը ինքնուրույն գնահատական չի տալիս այդ գործողությունների` ընդունված էթիկայի կամ այլ կանոններին համապատասխանության վերաբերյալ` այն համարելով իր իրավասության շրջանակից դուրս:

Հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվել է ՀՀ նախագահին և կառավարության ղեկավարին:

Նշենք, որ Արամ Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել ակտիվիստներից, որոնց վիրավորել էր: 

Հարակից հրապարակումներ`

Ա.Հարությունյանը չի՞ պաստրատվում ներողություն խնդրել

Հ.Աբրահամյանի համար Բնապահպանության նախարարի ձևակերպումներն անցանկալի են (տեսանյութ)

«Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ». բնապահպանության նախարարը` ակտիվիստին (տեսանյութ)

Placeholder
Բնապահպանության նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները. Եզրակացություն (տեսանյութ)