Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիմորդները հնարամիտ են ու կրեատիվ... Մեկնարկեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
Հայաստանում այսօր մեկնարկեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել է 8000 դիմորդ: Հանրապետությունում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը` Երևանում:
Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ: Նախարարը նախ ողջունեց դիմորդներին, ապա` հերթով մոտեցավ, հետաքրքրվեց, թե ով որտեղ է դիմել, ինչպես է պատրաստվել և ինչ տրամադրություն ունի:
Նա դիմորդներին խորհուրդ տվեց չլարվել, չհուզվել, կենտրոնանալ միայն թեստերի վրա:
Նախարարի հարցին, թե դժգոհություններ ունեն, դիմորդներից մեկն ասաց, որ հայերենի թեստերը բավականին բարդ են, իսկ շտեմարաններում էլ վրիպակներ կան: Աշոտյանը պատասխանեց. «Նորմալ է, որ հայերենի թեստերը դժվար են, սակայն հիշեք, եթե ծրագրից դուրս հարցադրումներ լինեն, կամ որևէ բան այնպես չեղավ, բնականաբար, մասնագիտական քննարկումների արդյունքում որոշումները կայացվելու են բացառապես հօգուտ դիմորդների»:
Իսկ ինչ վերաբերում է վրիպակներին, նախարարը վստահեցրեց, որ թեստերում վրիպակներ չեն լինի. «Անհոգ եղե’ք, թեստերում կլինեն բացառապես ճիշտ հարցադրումներ»:
Դիմորդներից մեկն էլ, ով պատրաստվում է լրագրող դառնալ, նախարարին ասաց, որ հայոց լեզվի քննությունը չպետք է թեստով լինի, քանի որ այսպես ավելի հեշտ է: Ա. Աշոտյանը ապագա լրագրողին խորհուրդ տվեց հետագայում այդ մասին գրել. «Թեև այդ ժամանակ նախարար չեմ լինի, բայց միասին կպայքարենք»:
Քննակենտրոնից դուրս գալուց առաջ Ա.Աշոտյանը զարմացավ` տեսնելով սեղանին դրված 4-5 հեռախոս: Նա հանձնաժողովի անդամներին հորդորեց, ավելի ուշադիր լինել, քանի որ տեխնիկական վերջին նորույթները իրենց անհանգստացնում են, մասնավորապես, խոսքը վերաբերում է փոքրիկ ականջակալներին:
Հարցին, թե քննակենտրոններում խլացուցիչներ չկա՞ն, Աշոտյանը նշեց. «Որ կան` ինչ, ձեզ թվում է ամեն ինչ հե՞շտ է: Զուգարան են դուրս գալիս ու օգտվում հետախոսներից: Անգամ, եթե երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ խլացուցիչներ են դրվում, պարբերաբար ինտերնետն էլ է միանում, զանգեր էլ են գալիս: Նման բաց տարածություններում գրեթե անհնար է ապահովել ցանկացած ալիքի ամբողջական կասեցում»:
Ա.Աշոտյանը նշեց նաև, որ իրենք ամեն տարի խստացնում են քննության կարգը, որպեսզի դիմորդները չօգտվեն հեռախոսներից և ծածկագրերից, սակայն դիմորդները միշտ մի քայլ ավելի առաջ են փորձում լինել, քան կազմակերպիչները:
«Նրանք հնարամիտ են, կրեատիվ են ու նորարար»,- ասաց նախարարը:
Այնուհետև ԿԳ նախարարի օգնությամբ դիմորդներից մեկը բացեց քննական ծրարները, որից հետո սկսվեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը:
Նշենք, որ ԵՊՀ-ում տեղակայված երկու քննասենյակներում քննություն էր հանձնում 223 դիմորդ, սակայն նախապես հայտարարագրված էր 235 դիմորդ: