Զարուհի Փոստանջյանը` Քառյակի համագործակցության սահմանափակության մասին
Քաղաքական
12:41 06/06/2014

Զարուհի Փոստանջյանը` Քառյակի համագործակցության սահմանափակության մասին

Քառյակի սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը: ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ,  «Ժառանգություն» խմբակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ օրերս Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարվել Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցման ծրագրից:

Զ. Փոստանջյանի խոսքերով` Եվրասիական միության անդամակցությունը ուղղակի կապ ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության կորստի հետ, հետևաբար «Ժառանգությունը», հավատարիմ մնալով իր ծրագրին և գաղափարախոսությանը, «չի կարող համաձայնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության կորստի հետ»:

«Բացի այդ, Աստանայում ակնհայտ դարձավ, որ ապագա Եվրասիական միությունը հայ ժողովրդի շահերի դեմ միություն է, որը ցանկանում է Արցախի Հանրապետությունը գցել տնտեսական շրջափակման մեջ»,- ասել է Զ. Փոստանջյանը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամը բացասական է վերաբերվում այն փաստին, որ բացի Ժառանգությունից ընդդիմադիր և ոչ իշխանական մյուս կուսակցություններից ոչ մեկը սույն հարցի կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում չեն արտահայտել:

Այս համատեքստում գնահատելով Քառյակի մյուս ուժերի պահվածքը` Զ. Փոստանջյանը, ասել է.«Գտնում եմ, որ մեր ազգային շահը թելադրում է անհապաղ դադարեցում նման ապազգային ծրագրի, որը փորձ է արվում իրականացնել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Տարիներ շարունակ գործող կոռումպացված և անօրինական իշխանավորները, յուրացնելով, վաճառելով հայ ժողովրդին պատկանող սեփականությունը, այս անգամ վաճառքի են հանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որի կորուստը ուղղակի կվտանգի Արցախի Հանրապետության գոյությունը»:

Պատասխանելով այն, հարցին, թե որքանո՞վ է Քառյակն ի զորու արտահայտել հասարակական տրամադրությունները, այն դեպքում, երբ քառյակի կուսակցությունները 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացնում իշխանություններին,ևահա այս հարցը ներառված չէ պահանջագրում, Զ. Փոստանջյանը ասել է.«Նախ, քառյակ կոչվածը այն ձևով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Հենց Ժառանգությունն էր, որ ամեն բան փորձեց անել չորս խմբակցությունների հատվածական համագործակցության ձեւաչափը բարձրացնել միջկուսակցական միասնական օրակարգով ձեւաչափի, սակայն դա չընդունվեց որոշ կուսակցությունների կողմից: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը, ավելին՝ տպավորությւոն կա, որ այս պահին ուղղակի փորձ է կատարվում մեղմացնել հարուցված խնդիրների բացասական հետևանքները։ Իսկ բուն խնդիրը շարունակում է մնալ և ունենալ կործանարար ազդեցություն։

Ըստ էության, խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը իշխանությունների պես հետ է մնացել քաղաքական իրադարձություններից, ինչպես 88 թվականին Կոմունիստական կուսակցության «պարտ ղեկավարները»։ Քաղաքական էլիտայի ուղղակի պարտականությունն է գործել ժամանակի հետ համահունչ, ներկայիս քառյակի մյուս երեք կուսակցությունների հետ հույսեր չեմ կապում, նրանք շարունակում են գործել օլիգարխիկ համակարգի տրամաբանության ներքո և սպասարկում են այդ համակարգը»:

Placeholder
Զարուհի Փոստանջյանը` Քառյակի համագործակցության սահմանափակության մասին