Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը առաքելության մշտական խորհրդի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝ որոշ կրճատումներով.
«Մենք կոչ ենք անում ադրբեջանցի մեր ընկերներին վերականգնել իրենց երկրի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցում առաջատարի դերը: Մենք ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին իր բաց շուկայական տնտեսության զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում:
Քանի որ միջազգային համայնքում Ադրբեջանը ստանձնել է մեծ պատասխանատվություն, օրինակ ԵԽ նախագահությունը, ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ աշխատել ժողովրդավարության զարգացման և մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցում զարգացումներ գտնելու ուղղությամբ: Ցավոք, քաղաքացիական հասարակության գործունեությունը Ադրբեջանի կառավարության կողմից սահմանափակվում է: Եվ միտումը, դժբախտաբար, ավելի է վատթարանում: Սա ողջ տարածաշրջանի համապարփակ անվտանգության հարցում սպառնալիք է:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր միջազգային հանձնառությունները՝ հավաքների ազատությունը, ազատ արտահայտվելու և խղճի ազատությունը: ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մայիսի 26-ին «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Անար Մամադլիի` հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և ընտրությունների արդյունքները կեղծելու կասկածելի մեղադրանքներով 5.5 տարվա ազատազրկման փաստով: Իշխանությունները կասկածելի մեղադրանքներով նաև դատապարտել են կազմակերպության գործադիր տնօրենին:
Մենք նաև մտահոգված ենք Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (ԽԺԻ) տնօրեն Լեյլա Յունուսի և նրա ամուսնու անձնագրերի զավթման վերաբերյալ, որի պատճառով նա չի կարող մասնակցել հունիսի 10-11 Բեռնում ԺՀՄԻԳ-ի Մարդու իրավունքների պաշտպանների խորհրդաժողովին: Լեյլա Յունուսը նաև տարածաշրջանում Track II դիվանագիտական ջանքերի ուժեղ կողմնակիցն է: Լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը նույնպես բացասական ազդեցություն ունի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա, հատկապես այն բանի համար, որ նրանք փորձում են նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ամրապնդել քաղաքական բազմակարծության միջավայրը և ընդլայնել անկախ ԶԼՄ-ների քաղաքացիական հասարակության գործելու տարածքը»: