Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքը այն եզակի համայնքներից մեկն է, որտեղ հունիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` համայնքը ղեկավար է ընտրելու, մասնակցության հայտ էին ներկայացրել միայն կանայք: Ճիշտ է, սահմանված ժամկետում կանանցից մեկը լքեց ընտրապայքարը, բայց համայնքապետի պաշտոնի համար կպայքարի երկարամյա ղեկավար Զոյա Գևորգյանը:
Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, որ մնաց առանց մրցակցի և լայն իմաստով ընտրապայքար չստացվեց.«Մի կին էր առաջադրվել, բայց ինքնաբացարկ հայտնեց… մտավ մի երկու տեղ, չգիտեմ` ինչ եղավ, ոնց եղավ, բայց հանեց թեկնածությունը: Այնպես որ ուժեղ ընտրապայքար չեղավ»:
Թե որն էր ինքնաբացարկի պատճառը տիկին Գևորգյանը, ով համայնքը ղեկավարում է 1996թ-ից, չգիտի. «Ես չգիտեմ, չեմ տեսել իրեն… ասում են բողոքել է, որ որտեղ մտել է ասել են` մեր Գևորգյանը, մեր Գևորգյանը, ինքն էլ ասել է, թե խայտառակվելու ցանկություն չունի: Եսիմ, չգիտեմ, ես հետը չեմ զրուցել»:
Քանի որ սա արդեն պաշտոնավարման վեցերորդ ժամկետը կլինի հետաքրքրվեցինք` չի հոգնե՞լ:
«Հոգնել եմ, բայց անավարտ գործեր ունեմ, որոնք պետք է վերջացնեմ»,-իր առաջադրման հիմնական պատճառը բացատրեց տիկին Գևորգյանը:
Թե անցած տարիների ընթացքում ինչն է փոխվել ընտրական գործընթացներում կամ չի փոխվել Զ.Գևորգյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ դա այնքան էլ կարևոր չի գյուղական համայնքներում` օրենք է փոխվում, ինչ է անում: Գյուղացիները ընտրությունը կատարում են ըստ վաստակի, անցած ճանապարհի ու նրա, թե ինչ լումա ես ունեցել այդ մարդկանց մատից փուշ հանելու հարցում. «Եթե այդ ամենն ունես, ուրեմն հաստատ կարող ես թեկնածությունդ դնես, պայքարես ու անցնես: Եթե չկա, ապա չարժի էլ»:
Նախորդող հրապարակում`
Հունիսի 8-ին 7 կին կպայքարի համայնքապետի պաշտոնի համար