Ինչպե՞ս է ՃՈ-ն գրանցում խախտումը և ովքե՞ր են հայտնվում տեսախցիկների թիրախում
Վերլուծություններ
11:03 13/06/2014

Ինչպե՞ս է ՃՈ-ն գրանցում խախտումը և ովքե՞ր են հայտնվում տեսախցիկների թիրախում

Ճանապարհային ոստիկանությունը, ի պատասխան Panorama.am-ի հարցմանը, ներկայացրել է այն ընթացակարգը, որի համաձայն, ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած ճանապարհատրանսպորտային խախտումները արձանագրվում և վարչական տուգանքի տեսք են ստանում:

Ըստ ՃՈ-ին ուղղված մեր գրավոր հարցմանն ստացված պատասխանի, տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերվում և արձանագրվում են «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցների կողմից:

Հարցին, թե մասնավորապես, ովքեր (ոստիկանության որ ստորաբաժանման աշխատակիցները) են ուսումնասիրում տեսախցիկների արձանագրածը և վարորդին վարչական տույժի ենթարկելու որոշում կայցնում, ՃՈ-ից պատասխանել են, որ արագաչափ սարքերի միջոցով երթևեկության սահմանված արագության գերազանցման փաստերն արձանագրվում են ավտոմատ կերպով, իսկ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների միջոցով հայտնաբերված խախտումները՝ օպերատոր-գրանցողների կողմից:

Շարունակելով ներկայացնել խախտումների հայտնաբերման ընթացակարգը, ՃՈ-ից հայտնում են, որ հայտնաբերված խախտումները կենտրոնանում են համակարգչային սերվերում, որտեղից պատահականության սկզբունքով փոխանցվում են խախտումները մշակող մասնագետներին՝ արձանագրող-գրանցողներին: Վերջիններիս կողմից իրականացվում է խախտումների մշակման փուլը, որն իրենից ներկայացնում է խախտման որակում և տեսանյութում կամ լուսանկարում պատկերված տրանսպորտային միջոցի նույնականացում: Նշված գործողություններից հետո նյութերն էլեկտրոնային եղանակով հաղորդվում են Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն, որի ծառայողների կողմից դրանք ստուգվում են, և այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, կայացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

ՃՈ-ից նաև հետաքրքրվել էինք խախտում կատարողների նկատմամբ և տուգանքներ բաշխելու գործընթացում կա՞ արդյոք սուբյեկտիվ գործոն: «Ո՞րն է այն երաշխիքը, որ չեն անտեսվի առանձին խումբ մեքենաների թույլ տված խախտումները (տեսախցիկների կողմից արձանագրված) և առանց բացառության բոլոր խախտումների վերաբերյալ վարչական տույժի որոշումներ կկայացվեն, -նշել էինք մեր հարցման մեջ:

Սակայն ՃՈ-ից պատասխանել են, որ ճանապարհային երթևեկության խախտումները հայտնաբերող օպերատոր-գրանցողները հնարավորություն չունեն տեսնելու խախտում թույլ տված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, հետևաբար չեն կարող նույնականացնել տրանսպորտային միջոցը և, կապված դրա պատկանելության հետ, դրսևորել սուբյեկտիվ վարքագիծ:

«Արձանագրող-մշակողներին տեսանյութը տրվում է պատահականության սկզբունքով, և նախապես տեղյակ լինել, թե որ ավտոմոբիլով կատարված խախտման մշակումը որ արձանագրողին կտրվի, անհնարին է: Նման ընթացակարգը լիարժեք արդյունավետ գործիք է իրավախախտումներն արձանագրելիս խտրականությունը և հայեցողությունը բացառելու գործում»,- նշված է ՃՈ-ից ուղարկված պատասխանում:

Մշակված նյութը, ըստ պատասխանի, Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ծառայողներին նույնպես հանձնվում է պատահականության սկզբունքով և ուսումնասիրվելուց հետո, վերջիններս հնարավորություն ունեն վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելը մերժել միայն իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու կամ տրանսպորտային միջոցի նույնականացման բացասական արդյունքի դեպքում:

Նաև վիճակագրական տվյալներ էինք խնդրել, թե տուգանքներ վճարողների ո՞ր տոկոսն են կազմում պետական հիմնարկներին պատկանող ծառայողական ավտոմեքենաները` հասկանալու` արդյոք շքախմբով Երևանի փողոցներում երթևեկեող պաշտոնյաների, նաև որոշ պատգամավորների ծառայողական մեքենաները հայտնվել են տեսախցիկների թիրախում, սակայն ՃՈ-ից նման պատասխան ենք ստացել.

«Հայցվող տեղեկատվությունն առ այն, թե տուգանք վճարող վարորդներից քանի տոկոսն է վարել իրավաբանական անձի պատկանող և քանի տոկոսը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, տրամադրել հնարավոր չէ, քանի որ Ճանապարհային ոստիկանության կողմից նման հաշվառում չի տարվում՝ որևէ իրավական ակտով նախատեսված չլինելու պատճառով»:

Մեր մյուս հարցը վերաբերում էր տեսախցիկների կողմից որևէ հանցագործությունը ֆիքսելուն. երբ ճանապարհային երթևեկության վերահսկման տեսախցիկը ֆիքսել է հանցագործություն, դրան ընթացք տալու գործուն ի՞նչ մեխանիզմներ կան և ի՞նչ ընթացակարգով է այն գործում, թե՞ այդ տեսախցիկների տեսագրությունները միայն ՃՏ խախտումները հայտնաբերելու տեսանկյունից են մշտադիտարկվում, հետաքրքրվել էինք, ինչին ի պատասխան ՃՈ-ից արձագանքել էին այսպես.  «Օպերատոր-գրանցողը, ով անմիջապես տեսադիտարկում է սպասարկվող խաչմերուկը, որևէ արտակարգ իրավիճակ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղյակ է պահում իր ստորաբաժանման ղեկավարին, որն էլ անհապաղ տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի, որի ծառայողների կողմից, ելնելով առաջացած իրավիճակի բնույթից, հաղորդվում է համապատասխան ստորաբաժանում»:

Placeholder
Ինչպե՞ս է ՃՈ-ն գրանցում խախտումը և ովքե՞ր են հայտնվում տեսախցիկների թիրախում