Կառավարությունը թանկացումներ անելիս այսքան «պրիմիտիվ» չպետք է լինի. Գագիկ Մակարյան (տեսանյութ)
Տնտեսություն
14:45 16/06/2014

Կառավարությունը թանկացումներ անելիս այսքան «պրիմիտիվ» չպետք է լինի. Գագիկ Մակարյան (տեսանյութ)

«Էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը հանրության մեջ առաջ է բերել դժգոհություն, քանի որ թանկացումը իր հետ բերելու է այլ ապրանքների թանկացման` հացից սկսած»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքերով` սոցիալական պետություններում շարունակ փորձում են ծառայությունների գներն իջեցնել, որպեսզի ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և մրցունակ դառնա. սա քաղաքականություն է պետության կողմից` սեփական տնտեսության զարգացման համար: Մինչդեռ, այս գործողությունները ոչ միայն չեն նպաստի մեր տնտեսության զարգացմանը, այլ` հակառակը:

«Անցած տարի նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 95,7 %, ինչը նշանակում է, որ մոտ 4 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է իրացվել»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսական խնդիրներին, մասնավորապես, շուրջ 20 մլրդ դրամի ճեղքվածքին, նա նշեց, որ հոսանքի սակագնի թանկացման հիմնավորումները համոզիչ չեն և «ճեղքվածքը» փակելու համար այլ ձևեր կան:

«Ճիշտ է` այս տարի ջրային պաշարներ քիչ են կուտակվել, բայց տարին երաշտային չի եղել: Այսինքն` բերված փաստարկները համոզիչ չեն», - ընդգծեց նա` հավելելով, որ իրենց միությունը ունի խնդրի լուծման տարբերակներ, որոնք առաջարկությունների ձևով ներկայացրել է կառավարությանը:

Մասնավորապես, առաջարկում են կառուցել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթը: Բացի այդ, պետք է բարձր տեխնոլոգիաներ կիրառել էլելտրաէներգիայի արտադրության ոլորտում և Հրազդանի ՋԷԿ-ից քիչ օգտվել, քանի որ այն թանկ գնով է էլեկտրաէներգիա վաճառում:

«Այդ 2-րդ հերթը կառուցելուց հետո մենք Իրանին 3 խորանարդ մետր հոսանքի դիմաց 9 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կարող ենք տալ, իսկ մեր բաշխիչ ցանցերին կարող ենք տարեկան տալ 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 1 դրամով»,- ընդգծեց Վ.Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին, նա նշեց` դեմ է , որ որևէ էներգահամակարգ որևէ այլ երկրի է վաճառվում, դրանք մենք ինքներս պետք է շահագործենք:

«Պետություն-մասնավորի համագործակցությամբ պետք է միջոցներ գտնենք, որպեսզի հետ գնենք մեր էներգետիկ համակարգերը»,- ասաց նա:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «վախը» բռնելու խնդիր կա:

«Հիմա հայտարարություններ են հնչում, որ աստիճանաբար են թանկացնում: Սա արհամարհանք է հանրության հանդեպ, տնտեսագիտական տեսանկյունից ճիշտ մոտեցում չէ, քանի որ թույլ չի տալիս, որ տնտեսվարող սուբյեկտները կարողանան պլանավորել իրենց բիզնեսները, իրենց ապրանքների մրցունակությունը: Ամեն տարի անակնկալի բերելով ենք անում թանկացումները, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտներն իրենց վերցրած վարկերի, արտադրանքի թողարկման հարցում կարող են ձախողվել: Բացի այդ, քաղաքացիները այդ մասին տեղեկացված չեն և միանգամից անակնկալի են գալիս: Վախը բռնելու իմաստն այն է, որ ավելի լավ է խիզախորեն տրամաբանված հիմնավորեն ու տան պրոգնոզներ, թե գալիք տարիներին ինչ է սպասվում»,- ընդգծեց Գ.Մակարյանը:

Նա նշեց նաև, որ համամիտ չէ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հիմնավորումներին: Օրինակ` ասվում է, որ անցյալ տարի շուրջ 88 օր ատոմակայանը կանգնել է պլանային անջատման:

«Ատոմակայանը գտնվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ներքո, ինչո՞ւ պետք է նրա կատարած ուշացումների պատճառով ողջ հանրությունը հատուցի: Եթե ռուսական կողմի մեղքով է տեղի ունեցել թանկացումը, ապա ինչո՞ւ սանկցիաներ չեն իրականացվում»,- ընդգծեց Գ.Մակարյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ՀԾԿՀ-ի ներկայացրած տեղեկանքը և կայքում դրված նյութերը չեն համապատասխանում: Կայքում 17 մլրդ է ներկայացված, իսկ տեղեկանքում՝ 20,3 մլրդ դրամ:

Նա կառավարությանը կոչ արեց թանկացումներ անելիս այսքան «պրիմիտիվ» չլինել, պետք է պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորի և մի քիչ բծախնդիր լինի:

Placeholder
Կառավարությունը թանկացումներ անելիս այսքան «պրիմիտիվ» չպետք է լինի. Գագիկ Մակարյան (տեսանյութ)