Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿ
Կրթություն, գիտություն
13:26 18/06/2014

Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿ

«Օտար լեզու» առարկայի միասնական քննության միջին միավորը, նախորդ տարվա համեմատ նվազել է, ինչը պայմանավորված է թեստերի կառուցվածքային փոփոխություններով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:

Ըստ նրա, այս տարի թեստերում ավելացել են նաև կարճ պատասխաններով առաջադրանքներ, մինչդեռ նախորդ տարի եղել է միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ:

«Ըստ էության, պատահական նշումները, անգիր սովորելն ավելի դժվարացել է»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը:

«Օտար լեզու» առարկայի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությանը մասնակցել է 6000 դիմորդ, որից 5242-ը միայն «Անգլերեն» առարկայի քննությանը: «Անգլերենի» միջին միավորը եղել է 14,01:

«Օտար լեզու» առարկայի քննությունից անբավարար ստացել է դիմորդների 8,6 տոկոսը, առավելագույն՝ 20 միավոր, 201 հոգի:

«Միայն նախորդ տարի անգլերենից 400-ից ավելի դիմորդ 20 միավոր էր ստացել»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նշենք, որ դիմորդները «Օտար լեզու» առարկայից միասնական քննություն հանձնել էին հունիսի 13-ին: Արդյունքներն հրապարակվել են այսօր: Քննության արդյունքները կարելի է բողոքարկել հունիսի 19-ին, ժամը 9:00-18:00-ն:

Դիմորդները  հունիսի 20-ին քննություն են հանձնելու են «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 23-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից:

Նախորդող հրապարակումներ՝

ԳԹԿ. «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը նվազել է

ԳԹԿ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության միջին միավորը նախորդ տարվա համեմատ բարձրացել է

ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են

ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը

Placeholder
Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿ