ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնել
Օրվա թեմա
13:03 18/06/2014

ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնել

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը լուրջ խնդրի առաջ հայտնվեց. արտահերթ նստաշրջանի օրակարգում առկա օրենքները, որոնց ՀՀԿ-ն կողմ է քվեարկում, չեն ընդունվում, քանի որ նիստին այս պահին ներկա է ընդամենը 64 ՀՀԿ-ական պատգամավոր, իսկ ընդունվելու համար անհրաժեշտ է 66 քվե:

Խորհրդարանական ընդդիմությունը ռազմավարական քայլի դիմեց` տեսնելով, որ ՀՀԿ-ականները քիչ են, նրանք ընդհանրապես չեն մասնակցում քվեարկությանը, իսկ այդ դեպքում օրենքի ընդունումը կախված է ոչ թե ձայների մեծամասնության հաշվարկից, այլ քվորումից: Իսկ քվորումը, հիշեցնենք, 66 քվեն է:

Իրավիճակը ինչ-որ կերպ փրկելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Նշենք, որ օրենքների չընդունվելը ընդդիմությունը ծիծաղով ու ծափողջյուններով էր ընդունում:

ՀՀԿ խմբակցությունից բացակայում են Կորյուն Նահապետյանը, ով այս պահին Բաքվում է, Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ հավանականության, ԵԽԽՎ համազեկուցողների հետ է, ինչպես նաև Կարեն Կարապետյանն ու Մանվել Բադեյանը:

Placeholder
ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնել