Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր կրկին հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի դեմ: Նախաձեռնության անդամները նախագծում առաջ քաշված դրույթները համարում են հակասահմանադրական, բացի այդ, նշում են, որ իրենց արած առաջարկություններից և ոչ մեկն ընդգրկված չեն այդտեղ:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է նաև այդ նախագիծը:
«Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Ազատությունն այն է, երբ կախված ես միայն օրենքներից (Վոլտեր)» գրությամբ պաստառներով նրանք դիմավորում էին պատգամավորներին: Ակտիվիստները մանրադրամներ էին հավաքել ու լցրել ԱԺ մուտքի առջև:
«Մենք այդ մանրադրամները բաժանելու ենք պատգամավորներին՝ ցույց տալով, որ հասարակությունը դեմ է այդ օրենքին, որն ուզում են ընդունել ու օրինական ճանապարհով թալան իրականացնել: Մենք թույլ չենք տալու, որ այդ հինգ տոկոսը մեր գրպաններից վերցնեն»,- ասաց ակտիվիստներից մեկը:
ԱԺ-ից դուրս գալով ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը նայեց մանրադրամներին և դիմելով ակտիվիստներին՝ ասաց. «Ինչքան ա պետք, արեք տամ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե դուք կո՞ղմ եք քվեարկելու օրենքին, պատգամավորը պատասխանեց. «Ես ինչ ուզեմ, էն էլ կանեմ: Դավայ, հաջողություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախօրեին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Նախորդող հրապարակումներ՝
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ցանկանում են փակել ԱԺ մուտքը
«Դեմ եմ». «Կուտակային»-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները կրկին հակասահմանադրական են
«Դ!ԵՄ ԵՄ».Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր