Վերապատրաստվել են  բուհերի  պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 400 անդամներ
Կրթություն, գիտություն
10:48 19/06/2014

Վերապատրաստվել են բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 400 անդամներ

Ավարտվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով վերապատրաստումների եռափուլ ծրագիրը:

Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել որակի ապահովման մեխանիզմների, տվյալների հավաքագրման և ինքնավերլուծություն կազմելու վերաբերյալ, որոնք ամրապնդվել են գործնական առաջադրանքներով:

Իսկ երրորդ փուլը եղել է ուղղորդում բուհերում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերլուծություն կատարելու մի շարք գործիքներ, որից հետո, ստացված գիտելիքների հիման վրա, մասնակիցները համեմատական վերլուծության են ենթարկել իրենց բուհում առկա գնահատման համակարգը: Այս մասին հայտնում են ՈԱԱԿ-ի մամուլի ծառայությունից:

Վերապատրաստումներն իրականացվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը խթանել բարեփոխումները մասնագիտական կրթության ոլորտում՝ Բոլոնիայի հռչակագրի համատեքստում: Ծրագիրը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են բուհերի շուրջ 400 որակի ապահովման պատասխանատուներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստումների յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները լրացրել են դասընթացների արդյունավետությունը ստուգող հարցաշարեր, որոնք վերլուծվել են, և շարունակաբար կատարվել է դասընթացների բարելավում:

Հարցաշարերի վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցները բարձր են գնահատել դասընթացների արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված գիտելիքները կիրառելի են իրենց բուհում:

Placeholder
Վերապատրաստվել են բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 400 անդամներ