Կառավարությունը դեմ է արտահայտվել ՕԵԿ օրենսդրական նախաձեռնությանը
Կրթություն, գիտություն
14:10 19/06/2014

Կառավարությունը դեմ է արտահայտվել ՕԵԿ օրենսդրական նախաձեռնությանը

Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը:

Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար:

Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:

Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում:

Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:

Placeholder
Կառավարությունը դեմ է արտահայտվել ՕԵԿ օրենսդրական նախաձեռնությանը