Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին
Մշակույթ
14:00 19/06/2014

Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին

Մշակութային ոլորտն ամենախոցելին է, կարծում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ մենք ամեն անգամ ականատես ենք լինում հուշարձանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, կորստի, աղավաղման:

«Մենք միշտ խոսում ենք, երբ գնացքն արդեն շարժվել է, ցավալին դա է: Խնդիրը մինչև լուծում ստանալը բազմաթիվ քննարկումներ պետք է անցնի, իսկ մեզ մոտ մեկ օրում է լուծվում, շահագրգիռ օղակները մնում են լուսանցքից դուրս»,- ասաց նա:

Անդրադառնալով Գառնու և Զվարթնոցի տաճարներում կազմակերպված խնջույքներին, որոնց թույլտվությունը Մշակույթի նախարարությունն էր տվել, ճարտարապետն ասաց, որ հուշարձանները պետք է պահպանման գոտի և օգտագործման մասին սահմանումներ ունենան, ինչը չկա:

«Բազմաթիվ խնդիրներ եղան, երբ ցանկանում էին Գառնու տաճարում սրճարան կառուցել: Աղմուկ բարձրացվեց, ինչի շնորհիվ չկառուցեցին: Իսկ Զվարթնոցի տաճարի օգտագործման ժամանակ հովանոց էին սարքել: Ես տեղում չեմ եղել, խնջույքները չեմ տեսել, բայց Գառնիի տաճարում բազմաթիվ համերգներ են եղել, ծիսակատարություններ են արել: Դա արգելված չէ: Նույնը Զվարթնոցի տաճարում կամերային համերգ է եղել: Այլ բան, երբ դա արվում է կեսօրին, զբոսաշրջիկների աչքի առաջ»,- նշեց նա:

Ըստ նրա, նման դեպքերը զսպելու օղակը օրենքն է:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով,  և Գառնու, և Զվարթնոցի մոտ փոքրիկ տաղավարներ կարելի է դնել, բայց շինություններից դուրս, հեռու, ոչ թե կպած. «Կարելի է բացիկներ, ազգագրական նյութեր վաճառել, բայց դա պետք է հեռու լինի տաճարներից: Սա նաև կնպաստի, որ մարդիկ այցելեն»:

Placeholder
Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին