Նախարարը դեսպանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է նաև ԱՄՆ-ում ապրող հայ բժիշկների դերը
Առողջություն
10:35 24/06/2014

Նախարարը դեսպանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է նաև ԱՄՆ-ում ապրող հայ բժիշկների դերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ողջունելով հյուրերին ասել է Արմեն Մուրադյանը:

Նա բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը:

Նախարարը նաև կարևորել է այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:

Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ` Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն և արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ:

«Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաև ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք հայտել է Հեֆերնը:

Placeholder
Նախարարը դեսպանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է նաև ԱՄՆ-ում ապրող հայ բժիշկների դերը