Սևանա լճի մասին եռալեզու կայք. «Սա գաղափարների, քննարկումների հարթակ է»
Օրվա թեմա
12:50 26/06/2014

Սևանա լճի մասին եռալեզու կայք. «Սա գաղափարների, քննարկումների հարթակ է»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը մշակել են Սևանա լճին առնչվող գիտամշակութային մի ծրագիր՝ եռալեզու www.sevanlake.am ինտերնետ կայք (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն): Կայքի մեկնարկը տրվեց այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասպարյանն ասաց, որ սեպտեմբերին  Սևանա լճի ափին է կայանալու կայքի պաշտոնական շնորհանդեսը: Նա նշեց, որ այս ծրագիրն իր օժանդակությունն է ստացել Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից:

«Մեր նպատակն է նմանատիպ կայքերի միջոցով լայն հանրությանը ներկայացնել ամենատարբեր թեմաներին, հարցերին վերաբերող տեղեկատվություն: Կայքը Սևան լճին նաև համաշխարհային ճանաչում կբերի, քանի որ եռալեզու է»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը միտված է  նաև միջազգային հանրությանը հասանելի դարձնել  այն խնդիրները, որոնք այսօր ունի Սևանա լիճը:

Ժան-Միշել Կասպարյանը նշեց, որ կայքը տուրիստական չէ, այլ գիտամշակութային. «Սա գաղափարների, քննարկումների կայք է»:

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Բաղդասարյանը ներկայացնելով կայքն ասաց, որ այն առաջարկում է ուսումնասիրել բովանդակության նյութեր, որոնք նախատեսված են հիմնականում դպրոցականների, բայց նաև ընթերցողների լայն շրջանակի համար և հավականում է դառնալ լճի ապագային նվիրված հանրային քննարկումների հարթակ: Բացի Սևանա լճի շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություններից (ֆլորա, ֆաունա, լճի տնտեսություն, արդյունաբերություն), ըստ նրա, հատուկ բաժին է նվիրված բնապահպանական խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Նաև ներկայացված են Սևանա լճի շրջակայքում գտնվող տեսարժան վայրերը, որոնք կարևոր են Սևանն արժևորելու համար: Կայքը ներառում է նորարար ուսումնական գործիքներ, օրինակ՝ ինտերակտիվ սեղանի խաղ:

«Կայքի ֆորումում  գրելով ձեզ հետաքրքրող հարցերը, անպատասխան չեն մնա»,- վստահեցրեց նա: 

Կայքի գիտական բովանդակությունը մշակել է Գիտություններիի ակադեմիայի ծովային էկոլոգիայի գծով գիտաշխատող Արևիկ Մինասյանը՝ համագործակցությամբ այլ ոլորտների գիտնականների հետ: Ըստ նրա, կայքը միտված է հանրությանը, մասնավորապես երիտասարդությանը տրամադրել անհրաժեշտ գիտական տեղեկատվություն լճի էկոհամակարգի և լճի վրա մարդկային գործունեության ազդեցության մասին:

«Փորձել ենք կայքում ներառված տեղեկատվությունը ներկայացնել երեխաների համար հասանելի մակարդակով, քանի որ այսօր խնդիր է առաջացել՝ ինչպես ստիպել երեխաներին կարևորել Սևանա լիճը»,- ասաց Ա. Մինասյանը:

Այսինքն, ըստ Ժան-Միշել Կասպարյանի, Սևանա լիճն այս ծրագրից կշահի մի քանի կողմից՝ ավելի հանրաճանաչ կդառնա, կբարձրանա Սևանի նկատմամբ հարգանքը, կլինի ավելի խնամված, կստանա նոր օժանադակություն:

Placeholder
Սևանա լճի մասին եռալեզու կայք. «Սա գաղափարների, քննարկումների հարթակ է»