Մեսրոպ Առաքելյանը վճարովի ավտոկայանտեղիների հետ կապված ևս մի քանի փոփոխություններ է ակնկալում
Վերլուծություններ
10:25 28/06/2014

Մեսրոպ Առաքելյանը վճարովի ավտոկայանտեղիների հետ կապված ևս մի քանի փոփոխություններ է ակնկալում

Երևանի ավագանու կողմից կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անվճար կայանման 5 րոպեն 15 րոպե դարձնելը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ,  տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը դրական քայլ է որակում, սակայն հիշեցնում է, որ ինքն ու իր կուսակցությունը սկզբունքորեն դեմ են վճարովի ավտոկայանատեղերի առկայությանը, առավել ևս երբ այն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից:

«Վճարովի ավտոկայանատեղերում վճարման տերմինալների տեղադրումը և հաշմանդամների համար առանձնացված հատուկ, անվճար տարածքների սահմանումը, նույնպես ողջունելի է»,-Panorama.am-ին ասաց Մ. Առաքելյանը, հիշեցնելով, որ կատարված 3 փոփոխությունները ներառված էին «Առաքելություն» կուսակցության` դեռևս նախորդ տարի կատարված առաջարկներում, որը ներկայացրել էին քաղաքապետարանի քննարկմանը:

Կարևորագույն փոփոխությունը սակայն, որն առաջարկում է կուսակցությունը, վճարովի ավտոկայատեղերի կազմակերպումն է քաղաքապետարանի կողմից:

«Առաջարկում ենք քաղաքապետարանի կողմից ամբողջովին ձեռք բերել մասնավոր ընկերություն բաժնետոմսերը` որպես ձեռքբերման գին ընդունելով մինչև այժմ կատարված ներդրումները (Երևան քաղաքի 2014թ. բյուջեով նախատեսված է 700 մլն դրամ` որպես վճարովի ավտոկայատեղերի համար նախատեսված ծախս, որը ավելին քան բավարար է նշված գործարքի իրականացման համար): Հաշվի առնելով նաև այն փաստը, որ մասնավոր ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վաճառել բաժնետոմսերը, կարծում եմ քաղաքապետարանը պետք է «ընդառաջ» գնա ընկերությանը»,-կարծիք հայտնեց Մեսրոպ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերը: 

Մ. Առաքելյանի կարծիիքով, բացի արդեն արված ու առաջարկվող փոփոխություններից առկա մտահոգությունները որոշ չափով նվազեցնելու և համակարգի արդունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև կատարել մի քանի փոփոխություններ`

1. վճարովի ավտոկայանատեղերի փողոցներից հանել այն հատվածները, որտեղ կայանելը կրում է հիմնականում «պարտադիր» բնույթ` գերատեսչություններ, պետական հաստատություններ, հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ
2. հանել մեկ տարվա համար տուրքի կիրառումը` հաշվի առնելով որ տուրքը սահմանվում է մինչև ընթացիկ տարվա վերջի համար, դրա փոխարեն սահմանել 3-6 ամսվա համար կիրառվող տուրք
3. մինչև մեկ ժամվա համար կայանման դեպքում տեղական տուրքի չվճարման դիմաց կիրառվող տուգանքի փոխարեն առաջին անգամվա համար սահմանել նախազգուշացնող նամակ
4. որպես զբոսաշրջությանն ուղղված քայլ` օտարերկրյա գրանցում ունեցող ավտոմեքենաների համար սահմանել արտոնություն, մասնավորապես մեկ տարվա ընթացքում առավելագույնը 30 օր կայանելու համար տեղական տուրք չգանձել:

Placeholder
Մեսրոպ Առաքելյանը վճարովի ավտոկայանտեղիների հետ կապված ևս մի քանի փոփոխություններ է ակնկալում