Գ. Սուրենյան. Երևանում ուժեղ քամիներ կլինեն նաև առաջիկա օրերին
Օրվա թեմա
11:26 01/07/2014

Գ. Սուրենյան. Երևանում ուժեղ քամիներ կլինեն նաև առաջիկա օրերին

Երեկվա ուժեղ քամին հնարավոր է կրկնվի հուլիսի 4-ին, 5-ին, 6-ին: Panorama.am-ի հետ զրույցում նման կանխատեսում ներկայացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Կարող է լինել մի փոքր ավելի թույլ, այդ օրերին հանրապետություն ցիկլոնային դաշտ կներթափանցի Սև ծովից»,-ասաց Սուրենյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հանրապետության տարբեր շրջաններում մոլեգնող քամին մեծ վնասներ է հասցրել՝ ծառեր շրջել, տանիքներ տարել, ապակիներ կոտրել:

Սուրենյանի խոսքով, երեկ քամու ուժգնությունը հասել է 20մ/վ-ի:

Մասնագետը բացատրեց ցանկացած ամպրոպի ժամանակ գրանցվում է քամու ուժգնացում, որը կոչում են փոթորկանք:

«Սա բացատրվում է այն հանգամանքով, որ ամպրոպի հետևանքով ձևավորվում է բարձր ճնշում, իսկ մինչև ամպրոպը՝ ցածր ճնշում, և օդը մեծ արագությամբ ամպրոպի կենտրոնից տեղափոխվում է այն վայրը, որտեղ պետք է լինի ամպրոպը: Սա կոչվում է փոթորկանք: Ամպրոպի ինտենսիվությունից է կախված քամու ուժգնությունը»,-ասաց նա:


Հիդրոմետ ծառայության տվյալներով, Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 4-5-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Placeholder
Գ. Սուրենյան. Երևանում ուժեղ քամիներ կլինեն նաև առաջիկա օրերին