Հավատարմագրվող բուհերը կծանոթանան  փորձագիտական  զեկույցներին և բարելավման պլան կմշակեն
Կրթություն, գիտություն
10:52 03/07/2014

Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

Փորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր: ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում, հայտնում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն են ներկայացրել ՈԱԱԿ, իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացել փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն բուհի համար պատրաստ է փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց: Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

Placeholder
Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն