Սննդի անվտանգության ծառայությունը մտադիր է առաջին անգամ պարզել նիտրատների քանակը տեղական մրգերում
Հասարակություն
16:05 03/07/2014

Սննդի անվտանգության ծառայությունը մտադիր է առաջին անգամ պարզել նիտրատների քանակը տեղական մրգերում

Մինչ վաճառքը տեղական մրգերում ու բանջարեղենում նիտրատի ու այլ քիմիական նյութերի պարունակությունը պարզելու նպատակով որևէ փորձաքննություն չի իրականացվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարային վարչության պետ Արթուր Նիկոյանը:

Վերջին օրերին խմբագրություն են դիմում քաղաքացիներ, դժգոհելով, թե սուպերմարկետներից գնած մրգերը՝ մասնավորապես նեկտարինն ու նարինջը նույնիսկ սառնարանային պայմաններում երկու օր անց փչացած են գտնում: Նրանք մտահոգություն ունեն, որ մրգերն աճեցված են մեծ քանակությամբ թունաքիմիկատների օգտագործմամբ:

Նիկոյանն ասում է, որ ներկրված յուրաքնաչյուր միրգ ու բանջարեղեն սահմանային անցակետերում ենթարկվում է փորձաքննության, իսկ տեղական արտադրանքը փորձաքննության ենթարկելը թանկ հաճույք է՝ չկան այդքան ռեսուրսներ ու սարքավորումներ:

«Ամեն մարդ իր դաշտում աճեցնում է, ու չգիտես, թե որտեղ է վաճառում, հիմա այդ արգելե՞ս, ասես մի՞ վաճառի, մինչև տեսուչը գա, որոշի լավ է, թե՞ ոչ: Դա գյուղացիներին մեծ վնաս կպատճառի, այդքան ռեսուրս հնարավոր էլ չէ ունենալ, դուք պատկերացրեք 340 հազար գյուղացիական տնտեսություն ունենք»,-ասաց Նիկոյանը:

Վարչության պետն ասաց, որ այս տարվա ընթացքում չի եղել մի դեպք, երբ ներկրված ապրանքի փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն նորմերին:

«Գիտեն, որ սահմանի վրա փորձաքննություն է իրականացվում, արդեն ներկրողները նախօրոք ասում են, այնպիսի ապրանք ուղարկեք, որ հանկարծ հետ չուղարկեն, իրենք էլ չտուժվեն»,-ասաց ծառայության պաշտոնյան:

Նիկոյանն ասում է, որ այս տարբերությունից դժգոհ են ներկրողները: Նրանք համարում են, որ մրցակցության հավասար պայմաններ չկան, «սահմանի վրա մենք տասը տակ ստուգվում ենք, իսկ տեղականը ոչ մի ստուգման չի ենթարկվում»:

Ծառայությունում էլ մտադրվել են այս տարի առաջին անգամ իրացման ցանցում մոնիտորինգ անցկացնեն՝ պարզելու տեղական մրգերում ու բանջարեղենում նիտրատների մնացորդային քանակը: Համապատասխան սարքեր ձեռք բերելու համար դիմել են դոնոր կազմակերպություններին, հուսով են, օգնություն կլինի: Բջջային հեռախոսի չափ սարքավորումն արժե 600-700 դոլար:

«Ուզում ենք իմանալ, մեր շուկայում սպառվող բանջարեղենում նիտարտները գերազանցո՞ւմ են նորման»,-ասաց վարչության պետը:

Ծառայությունում չգիտեն, թե ինչ են անելու, երբ պարզվի որ նիտրատները գերազանցում են սահմանված նորման: Ըստ օրենքի, պետք է արգելել վաճառքը, սակայն համոզված են, որ գյուղացիները բողոքով մինչև նախագահի նստավայր կհասնեն:

«Դուք աղմուկը դեռ հետո կլսեք»,-ասաց Նիկոյանը:

Placeholder
Սննդի անվտանգության ծառայությունը մտադիր է առաջին անգամ պարզել նիտրատների քանակը տեղական մրգերում