Արևմտյան Աֆրիկայի երկրները միասնաբար կպայքարեն Էբոլա տենդի բռնկման դեմ
Աշխարհում
16:02 04/07/2014

Արևմտյան Աֆրիկայի երկրները միասնաբար կպայքարեն Էբոլա տենդի բռնկման դեմ

Արևմտյան Աֆրիկայի 11 երկրներ մշակել են Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի միասնական ռազմավարություն: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Գանայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գումարած արտակարգ հանդիպումից հետո երկրների առողջապահության նախարարները խոստացել են ուժեղացնել համագործակցությունը՝ պայքարելու համար մահացու վիրուսի դեմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է դիմել կառավարություններին, որպեսզի հիվանդության մասին մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրացնելու գործում ներգրավվեն քաղաքական, կրոնական և համայնքային ղեկավարները:
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով՝ վարակի դեմ պայքարում ավելի արդյունավետ է մարդկանց հետ աշխատանքը, քան սահմանները փակելը:

Ըստ վիճակագրության՝ Էբոլայով վարակվածների 90%-ը մահանում է: Վիրուսի դեմ պատվաստանյութ կամ դրա բուժման միջոց չկա:

Հիվանդությունը փոխանցվում է հիվանդի հեղուկների հետ շփման ճանապարհով: Պայքարի միակ միջոցը հիվանդներին մեկուսացնելն է:
Նշենք, որ տենդից մահացածների թիվը արդեն հասել է 467-ի:

 

Placeholder
Արևմտյան Աֆրիկայի երկրները միասնաբար կպայքարեն Էբոլա տենդի բռնկման դեմ