Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փորձագետ. Եթե այսպես շարունակվի, արտեզյան ջրերն ամբողջությամբ կկորցնենք
Կառավարությունը մտադիր է 100-150 հոր բացել Արարատյան դաշտի արտեզյան ջրերը դուրս բերելու համար: Սա ոլորտի պատասխանատուներին խիստ մտահոգում է, նրանց խոսքով, բացի ջրավազանի վատթար վիճակը, մի շարք բաց մնացած հարցեր կան:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան, փորձագետ Քնարիկ Հավհաննիսյանը նկատեց, որ նախորդ կառավարությունը որոշել էր հորերը փակել, որպեսզի անխնա չօգտագործվեն ռեսուրսները:
«Հիմա հորատանցքերը բացելու են, որ ոռոգման ջրի սակավությունը վերացնեն: Այն դեպքում, երբ այդ նպատակով Սևանից ևս ջուր է վերցվում, իսկ լճի մակարդակն էլ ութ սանտիմետրով իջել է: Երկու կառավարություններն էր սխալ են: Հիմա առանց պոմպի չեն կարողանում ջուրը վեր հանել և բաշխել սպառողներին, արտեզյան ջրավազանի վիճակը շատ վատ է: Շատ մեծ ծավալով ջուր են օգտագործում ձկնաբուծարանները: Եկեք շրջանավոր ջրամատակարարում մտցնենք, որ այդ ջուրը, որ դուրս է գալիս ձկնաբուծարաններից, մաքրենք այդ ջուրը և օգտագործենք: Պետք է ներդրումներ լինեն»,- ասաց բնապահպանը:
Նա նկատեց, որ եթե այսպես երկու տարի էլ շարունակվի, արտեզյան ջրամբարի ջրերն ամբողջությամբ կկորցնենք. «Արարատյան դաշտը կամացից անապատ է դառնում՝ աղակալած հող, ավազուտ, իսկ բուսականությունը բնորոշ է անապատայինին»:
«Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը մի քանի հարց ուղղեց այդ ջրերն օգտագործողներին. «Արտեզյան ավազանն օգտագործողները գիտե՞ն ինչի հետ գործ ունեն: Ինչո՞ւ հասցրեցին այս վիճակին»:
Երկրաբանը նշեց, որ հանրապետության ամբողջ քաղցրահամ ջերի 80 տոկոսն Արարատյան դաշտում է:
«Ով ինչքան ուզում է, ջուր է հանում, դրա համար այս վիճակն է: Այս հարցով պիտի գիտակ մարդիկ զբաղվեն: Այսօր վիճակը շատ է բարդացել: Հորատման մեթոդիկա և ձև կա: Չի կարելի քաղցրահամ ջուրն օգտագործել ոռոգման համար»,- եզրափակեց նա:
Նշենք, որ նախօրեին փոխվարչապետը պարզաբանել էր, որ այդ հորատանցքերը նոր չեն, ուղղակի նորից են վերաբացում: