Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ին անհրաժեշտ է ունենալ ոչ հռչակագրային բնույթի Սահմանադրություն. Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Սահմանադրականության հարուստ փորձ ունեցող Հայաստանում այսօր նշում են Սահմանադրության օրը: Անկախ Հայաստանում երկրի գլխավոր մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, իսկ մեկ անգամ էլ` 2005-ին հանրաքվեի միջոցով ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները: Դրանից տասը տարի անց` այժմ էլ Հայաստանը կանգնած է սահմանադրական նոր փոփոխություններ կատարելու ճանապարհին. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է հանրային լայն շրջանակներին, ընթանում են քննարկումներ:
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դրական է համարում այն, որ պետությունն ունի Մայր օրենք, սակայն ափսոսում է, որ հենց իշխանություններն էլ ամենաշատն են արհամարում և ոտնահարում երկրի Սահմանադրությունը:
«Դա փաստ է, որը ցավալի է ինձ համար», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջին Պաշտպանը:
Երկրում ձեռնարկված Սահմանադրական փոփոխությունները տիկին Ալավերդյանը անհրաժեշտ է համարում, սակայն նրա խոսքով, այն չպետք է հռչակագրային բնույթ կրի:
«Մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ հռչակագրային բնույթի Սահմանադրություն: Ճիշտ է, որ կա խնդիր բարելավելու Սահմանադրությունը, բայց ափսոս, որ հասարակության մեջ չկա հավատը, որ սահմանադրական փոփոխությունները կարող են բերել դրական փոփոխություններ: Ես մնում եմ այն կարծիքին, որ դա կախված է լինելու հենց հասարակության ամենաակտիվ խավերից` իրավապաշտպաններից: Իշխանությունների կողմից բացասական երևույթները հաղթահարելի են, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են, պարզապես լավ կլիներ, որ իշխանությունը չտաներ պայքարող զանգվածներին բախումային սցենարներով հարցերի լուծմանը, որը միշտ էլ հղի է բացասական երևույթներով», -նկատեց մեր զրուցակիցը:
Նա պնդեց, որ անկախ Հայաստանում երկրի Մայր օրենքը կոպտագույն կերպով խախտվել է բոլոր երեք նախագահների օրոք:
«1995-ին թե՛ խորհրդարանական ընտրությունները և թե՛ Սահամանադրական հանրաքվեն անցկացվել են կոպիտ խախտումներով, և դա, ի դեպ, շատ մեծ բացասական հետք է թողել լայն խավերի ընկալումների վրա: Դա և երկրորդը` 2005-ին փաստորեն չկայացած հանրաքվեով ընդունված փոփոխությունները սարսափելի ազդեցություն են ունեցել մարդկանց գիտակցության վրա: Իրականում այն իրավական մերժողականության մթնոլորտը, որը կա մեր հասարակության մեջ, դա հենց այդ ժամանակներից է սկսվել», -նշեց Լարիսա Ալավերդյանը:
Այժմ երկրում իրականացվող Սահմանադրական փոփոխություններով, նրա կարծիքով, հետաքրքրված են «միայն վերին աստիճանի գրագետ և դեռ իրենց ոգևորությունն ու հավատը չկորցրած» մարդիկ: Մինչդեռ հասարակության մի զգալի մաս հավատը վաղուց կորցրել է իշխանություններից ծնունդ առնող բարեփոխումների նկատմամբ:
«Ես կարծում եմ, որ եթե վաղը իրապես շատ դրական մի նախաձեռնություն լինի, թույլ չի տալու լայն հասարակությանը կանգնել այդ գործընթացի կողքին: Դա ամենամեծ մարտահրավերն է մեր իշխանությունների ու պետականության համար: Այն, որ մենք չենք կարողացել հասնել նրան, որ մեր դրախտավայր երկիր Հայաստանում կայանա քիչ թե շատ իրավական պետություն, մեղքը իշխանությանն է, բայց պատասխանատվություն ունենք նաև մենք` հասարակության անդամներս»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: