Թուրքիայում վտանգված են հայկական դպրոցների անունները
Կրթություն, գիտություն
14:00 07/07/2014

Թուրքիայում վտանգված են հայկական դպրոցների անունները

Թուրքիայի կրթական հաստատությունների գործունեությունը կարգավորող նոր կանոնադրության մեջ տեղ են գտել հոդվածներ, որոնք բուռն քննարկումների ու դժգոհության տեղիք են տվել: Մասնավորապես հայտնի է դարձել, որ 7-րդ հոդվածի պահանջով այսուհետև կրթական հաստատությունները պետք է կրեն իրենց նպատակին, կրթական ծրագրին համահունչ թուրքերեն անուններ: Բացառություն են լինելու միայն օտարերկրյա և միջազգային նշանակության դպրոցները: Մնացած բոլոր ուսումնական հաստատություններին արգելվում է դնել ոչ թուրքական անուններ:

Այս նորամուծությունը վրդովեցրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների ղեկավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Վաթան» թուրքական կայքը, Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանն դա գնահատել է ժողովրդավարությանը հակասող քայլ:

«Մեր դպրոցները, հայ գրողների, մտավորականների կամ գաղափարական առաջնորդների անունն են կրում»,- ասել է Պալյանը` նշելով, որ խնդրին լուծում տալու համար պետք է օրենքը վերանայվի և առանձին ակտով կանոնակարգվի:

Նա հիշեցրել է, որ վերջերս իրենք դիմել էին Թուրքիայի կրթության նախարարություն` պահանջելով ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների համար առանձին կանոնադրություն մշակել: Բայց առայժմ արդյունք չկա:

Placeholder
Թուրքիայում վտանգված են հայկական դպրոցների անունները