Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրդողանին ավելի դյուրին է հայ-թուրքական սահմանը բացել, քան վավերացնել արձանագրությունները. Ա.Շաքարյան
Ես կասկածով եմ վերաբերվում նրան, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը կբացվի: Բայց որ թուրք իշխանությունները մտածում են Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նման մի բան անել ես դրանում չեմ կասկածում, քանի որ դա գեղեցիկ ժեստ կլինի, որով Թուրքիան աշխարհին կփորձի ցույց տալ, թե հայերի հետ որևէ խնդիր չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով թուրքական մամուլում շրջանառվող այն լուրերին, թե առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը:
Նա խորհուրդ տվեց ամեն դեպքում վստահել «Թարաֆ» թերթին, որը հրապարակել էր այդ լուրը և որը երբեմն իշխանությունների պատվերն է կատարում` ճիշտ արտահոսք տալով: Թեև չբացառեց, որ հնարավոր է դա սին լուր էր, բայց միտված էր շոշափելու հանրության տրամադրությունները այդ հարցի հետ կապված:
Նա հիշեցրեց, որ այդ նորությունն աընդհատ վեր է հանվում ու քննարկվում է և այս պահին հայ-թուրքական սահմանը բացելը Թուրքիայի համար ավելի դյուրին է, քան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը:
«Ցանկության դեպքում Էրդողանն այսօր նույնիսկ չի կարող արձանագրությունները մտցնել քվեարկության, քանի որ այդքան պատգամավոր չունի և այս իմաստով խնդիրներ ունի: Իսկ սահմանը բացելը դյուրին է, քանի որ այն հնարավորություն է տալիս որոշ ժամանակ անց ցանկացած պատրվակով նորից փակել սահմանը` ցեղասպանության 100-ամյակի աղմուկն արդեն հետևում կլինի»,- նկատեց թուրքագետը:
Ամենաիրատեսականը կլինի այն, որ հայկական կողմը չբավարարվի հայ-թուրքական սահմանի բացելով, այլ պահանջի դիվանագիտական հարաբերություններ և այլ գործողություններ, որոնք կամրապնդեն սահման բացելու որոշումը:
«Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ սահման բացելը դրական, բայց ոչ բավարար քայլ է»,- նշեց Ա.Շաքարյանը` հստակեցնելով, որ Թուրքիան կարող է բացել սահմանը զուտ մարդկանց ելումուտի համար, բայց դա որևէ տնտեսական խնդիր չի լուծի: Իսկ բոլորիս է հայտնի, որ հայ-թուրքական սահամնի բացմանը առաջին հերթին դեմ է Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են հայ և թուրք հասարակությունները վերաբերում սահմանի բացման հեռանկարին, ապա Ա.Շաքարյանը նշեց, որ հայ հասարակության մեջ կա Թուրքիա պետության դեմ բացասական վերաբերմունք, բայց ոչ թուրք հասարակության կամ նրանց ապրանքների դեմ: