Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում շաբաթ օրը բացվեց «Լեո 52» արտ-ակումբը: Մի անկյուն, որտեղ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը իրենց ժամանակն այսուհետ կանցկացնեն ճանաչված գեղանկարիչներ Վարդան Թովմասյանի, Կիկիի, Առկո Բաղդասարյանի, Միլանդա դե Մոնդիի և այլ հայտնիների վրձնած որմնանկարներով միջավայրում, որոնք ամբողջացնում են ակումբի ներդաշնակությունը:
«Լեո 52»-ը հին Երևանի շունչն իր մեջ առած տարածք է, ուր ոտք դնելով թվում է, թե ժամանակը կանգ է առել. ոչ մի աղմուկ արտաքին աշխարհից այստեղ չի հասնում ու մնում ես միայն դու ու իրենց պատմությունը հյուսող որմնանկարները:
Panorama.am-ի հետ զրույցում արտ-ակումբի մենեջեր Սարգիս Առակյանը պատմեց, որ ակումբի գաղափարը ծնվել է դեռևս 2005թ-ին, երբ այդ տարածքում գործում էր արտ-ցուցասրահ ու դրան զուգահեռ կյանքի էր կոչվում «Վերադարձնենք արվեստն այնտեղ, որտեղից եկել է» ծրագիրը, որը համախմբել էր հայ աբստրակցիոնիստներին:
«Նրանք իրենց արվեստը վերադարձրել էին պատին: Ակումբի տարածքում պատերին հեղինակային գործեր են… շատ մարդիկ արվեստի այս տեսակը շփոթում են դիզայնի հետ, բայց սա դիզայն չէ, այլ հեղինակային գործեր են»,- նշեց նա ու ավելացրեց, որ ժամանակի ընթացքում այդ տարածքում գործողը ակումբը դարձավ արվեստասերների սիրված հավաքատեղին, և այդտեղից էլ ծնվեց գաղափարը ` դարձնել այն բոլորի համար հասանելի, ամենօրյա շփման մի միջավայր:
Ակումբը հնարավորություն է տալու նաև արվեստի այլ գործեր ներկայացնել, մասնավորապես` երկրորդ հարկ-ցուցասրահում արվեստասերները կարող են ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել , այլև գնել ներկայացված կտավները:
Նշենք, որ ակումբի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր ոչ միայն մշակույթի ասպարեզից, այլև քաղաքական, հասարակական սեկտորից` ԱԺ պատգամավորներ, նախարարներ, արվեստագետներ և այլն: